Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է հայցից, որով պահանջում էր Apple ընկերությանը պարտավորեցնել կոտրել 2015 թվականի դեկտեմբերին Սան Բերնարդինոյում 14 անձի սպանության գործով մեղադրվող Սայեդ Ֆարուքի iPhone 5c հեռախոսի անվտանգության համակարգը:
Հետաքննությունների Դաշնային բյուրոն հայտարարել է, որ առանց Apple-ի կարողացել է կոտրել գաղտնի կոդը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի վարույթում գտնվող քրեական գործի բացահայտման համար անհրաժեշտ տվյալներն, ըստ իրավապահների, հնարավոր է ձեռք բերել Ֆարուքի հեռախոսի պարունակած տեղեկություններին տիրապետելու շնորհիվ:
Ավելի վաղ իրավապահները պնդում էին, որ միայն Apple-ը կարող է օգնել արդյունքի հասնելու հարցում, քանի որ միայն այդ ընկերությունն է տիրապետում անհրաժեշտ տեխնիկական միջոցների: ԱՄՆ իրավապահները նմանատիպ գործով պարտություն էին կրել դատարանում:
Սակայն Apple-ը հակադարձում էր, որ դա անթույլատրելի է, քանի որ իր հաճախորդների առջև ստանձնել է հեռախոսների մեջ առկա անձնական տվյալների պաշտպանության երաշխիք: Բացի այդ, ընկերությունը պնդում էր, որ եթե մեկ անգամ օգնի կոտրել հաճախորդի հեռախոսի անվտանգության համակարգը, նման խնդրանքները ապագայում, հնարավոր է, կրկնվեն:
Ի դեպ, Հետաքննությունների դաշնային բյուրոն նշում է, թե հեռախոսի անվտանգության համակարգը հանրավոր է եղել կոտրել «երրորդ կողմի» միջոցով:
Ըստ վերջերս անցկացված հարցումների, օգտատերերի մեծ մասը դժվարացել էր պնդել, որ Apple-ը իրենց անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքը պաշտպանում է ավելի լավ, քան Google-ը կամ Microsoft-ը:
Շաբաթներ առաջ Apple-ի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի վեճը հասել էր ԱՄՆ Կոնգրես: