Դատարանում Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության երեկվա պարտությունից հետո Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարն իր պնդումները ներկայացրել է Կոնգրեսին:
Հակասությունները սկսվեցին այն պահից, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն Apple-ից պահանջեց կոտրել 2015 թվականի դեկտեմբերին Սան Բերնարդինոյում 14 մարդու սպանության մեջ մեղադրվող ահաբեկիչներից մեկի iPhone հեռախոսը:
Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին և Apple ընկերության գլխավոր իրավախորհրդատու Բրյուս Սյուելլը, հանդես գալով Միացյալ Նահանգների Կոնգրեսի առջև, ներկայացրել են իրենց պնդումները խնդրահարույց հարցի առնչությամբ:
Փետրվարի 16-ին Լոս Անջելեսի դատարանը որոշել էր պարտավորեցնել Apple-ին աջակցել Սան Բերնարդինոյում 14 անձի սպանության գործով մեղադրվող Սայեդ Ֆարուքի iPhone 5c հեռախոսի անվտանգության համակարգը կոտրելու հարցում:
Ջեյմս Քոմին Կոնգրեսում հակադարձել է Apple-ի պնդումներին, որ եթե տվյալ դեպքում ընկերությունը կոտրի ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի հեռախոսի գաղտնի կոդը, դա վտանգի տակ կդնի ընկերության նկատմամբ օգտատերերի վստահությունն ու համբավը: Քոմին, մասնավորապես, հայտարարել է, որ կարևոր է կոտրել տվյալ սերնդին պատկանող հեռախոսի գաղտնաբառը, ապա փորձել է հավաստիացնել, որ նման պահանջները չեն վերաբերի հաջորդ սերնդի՝ iPhone 6 հեռախոսներին: Մինչդեռ, Apple-ի գլխավոր իրավախորհրդատու Բրյուս Սյուելլը բացատրել է.- «Մեխանիզմը, որը մեզ խնդրում են ստեղծել, կարելի է կիրառել ցանկացած iPhone-ի դեպքում: Դա պարզ է և կիրառելի՝ շատ դեպքերում: Համակարգերի պաշտպանության սկզբունքները նույնն են բոլոր սարքերի դեպքում: Եվ պնդումները, որ նման մեխանիզմն անհրաժեշտ է միայն մեկ արգելք բացելու, և որ դրանով հնարավոր չէ բացել մեկ ուրիշը, ամբողջությամբ սխալ է: Ահա թե ինչ է պետք պարզաբանել»:
Հանրապետական սենատորներից մեկը հարցրել է՝ եթե այս գործով դաշնային բյուրոն պարտվի դատարանում, նման պահանջներին վերջ կդրվի՞: «Դատարանի որոշումը նախադեպային կլինի Հետաքննությունների դաշնային բյուրոյի և մյուս իրավապահ մարմինների համար՝ աջակցություն ցուցաբերելու նմանատիպ դեպքերում», - ասել է Քոմին և բացատրել, որ եթե մի հարցով դատարանը կայացնում է որոշում, դա դառնում է նախադեպ նմանատիպ գործերով:
Reuters գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Քոմին ասել էր. - «Դժվար թե այս գործով դատարանի վճիռը դառնա սկիզբ՝ նմանատիպ գործերի համար»: Մինչդեռ, իր վերջին ելույթում, ինչպես նկատում է գործակալությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը պնդեց հակառակը: