Ուզբեկստանի Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված է հայազգի 34-ամյա Արամայիս Ավագյանի բողոքի քննությունը: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործությունների մեջ:
Մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում: Արամայիս Ավագյանը պահանջում է արդարացման դատավճիռ:
Դատավճռի մեղադրական երկար շարադրանքին ապացույցներ կցելու համար նախատեսված հատվածում կան ձևակեպումներ, թե, իբր, 2015 թվականի սեպտեմբերի 4-ին ձերբակալված Արամայիս Ավագյանը «ջիհադիստական գործունեության նվիրյալ է», առնչություն ունի «Իսլամական պետության» հետ, իբրև ապացույց, նշվում է, թե սեպտեմբերի 28-ին նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է «Ես կարդում եմ նամազ» վերնագրով գիրքը, ինչպես նաև 15 ձայնասկավառակ և տեսասկավառակ:
Դատավճռում նշված չէ, թե մասնավորապես ինչ նյութեր են պարունակում այդ սկավառակները: Նշված չեն նաև ծանր հանցագործությունների մեջ ներգրավված լինելը հիմնավորող փորձաքննության արդյունքները, թեև կա հիշատակում, որ այդ նյութերը ներկայացվել են փորձաքննության։
Ի դեպ, Վերաքննիչ դատարանի քննությանն արժանացած դատավճռում կա քրիստոնյա Արամայիս Ավագյանի կնոջ՝ ազգությամբ ուզբեկ, դատարանում որպես վկա մանրամասներ ներկայացրած Շիրին Տուրսունովայի ցուցմունքից մեկ հատված, ըստ որի, 5-6 տեսասկավառակ «բերել է Ավագյանը, որպեսզի դիտի 4 տարեկան դուստրը, դրանցում եղել են մուլտֆիլմեր, տանը չեն եղել արգելված և կրոնական տեսասկավառակներ...»:
Դատավճռում նշված է, որ Արամայիս Ավագյանը չի ընդունել մեղադրանքը, իսկ իր դեմ մեղադրական ցուցմունքներ ներկայացրած հարևանի՝ Ռուսաստանում տևական ժամանակ ապրած Ֆուկաջոն Ջուրաևի հետ զրույցների մասին ասել է, թե քննարկել են «Ռուսաստանի աղջիկների վերաբերյալ հարցեր»: Ի դեպ, Ջուրաևը Ռուսաստանում դատապարտվել է ազատազրկման՝ թմրամիջոցների գործով:
Նա ցուցմունք է տվել, թե բանտում հանդիպել է իմամի, որն իրեն կոչ է արել նամազ անել, ընդգրկվել ծայրահեղական խմբավորման մեջ, և ահա վերջինս, վերադառնալով Ուզբեկստան, ըստ մեղադրանքի, հավաքել է խումբ, որի կազմում, իբր, եղել է նաև Արամայիս Ավագյանը:
Դատավճռում նշված չէ, թե կոնկրետ ինչ շաժառիթով, ում հետ, ինչ միջոցներով են Արամայիս Ավագյանը և գործով դատապարտված մյուս ամբաստանյալները փորձել կատարել հանցագործություններ։
Մեղադրանքը չի պարունակում տեղի ունեցած որևէ կոնկրետ գործողություն կամ դրանք ծրագրելու վերաբերյալ տվյալ, ցուցմուք, փաստ:
Ուշագրավ է, որ ծանր մեղադրանքներն ապացուցող հիմքերը թվարկելու փոխարեն, մոտ 40 էջից բաղկացած դատավճռում նկարագրվում են Դիզակի շրջանի տարբեր հատվածներում 1980-ականներին տեղադրված, ըստ դատավճռի, տեղական մարմինների հաշվեկշռում գրանցված, իսկ, ըստ պաշտպանական կողմի և ուզբեկական մամուլի, վաղուց դուրս գրված ջրի խողովակները հողի տակից դուրս բերելու նկարագությունները՝ շատ դեպքերում առանց փաստական տվյալների: Նշվում է, որ դրանք տեղափոխվել են այլ վայր՝ չպարզված ավտոմեքենայով։
13 ամբասանյալներից շատերի դեպքում է, որ ազբեստի խողովակների «գողության» դրվագները նկարագրվում են առանց կոնկրետ ամսաթվի, սակայն բոլոր դեպքերում, տարբեր անձանց ներգրավվածությամբ դրվագներում նշվում են նույն ժամերը՝ 16:30-ին, 18:00 կամ 18:30՝ 2015 թվական։
AsiaTerra կայքում հրապարակվել է հոդված՝ Արամայիս Ավագյանի գործի վերաբերյալ։ Հեղինակը նկատում է, որ Ուզբեկստանում մեծ աղմուկի առիթ հանդիսացած քրեական գործն առանձնանում է «ապացույցների իսպառ բացակայությամբ»։
Հոդվածի հեղինակը նաև նկատում է. - «Այն մասին, որ Ավագյանը քրիստոնյա է և չի կարող լինել իսլամիստ ծայրահեղական, դատավճռում անգամ չի հիշատակվում»: