Ուզբեկստանի Դիզակի շրջանի դատարանն այսօր հրապարակել է դատավճիռ, որով իսլամական ծայրահեղականության և մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող հայազգի գործարար Արամայիս Ավագյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման: Այս տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեցին Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը և կինը՝ ազգությամբ ուզբեկ Շիրին Տուրսունովան:
Փետրվարի 2-ին մեղադրողը պահանջել էր Արամայիս Ավագյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Անգամ խոշտանգումներից հետո Ավագյանը դարձյալ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Դատավարության ժամանակ վկաներն ու ամբաստանյալները պատմել են, որ Արամայիս Ավագյանի դեմ ցուցմունքներ են տվել՝ գտնվելով ճնշումների ներքո:
Որպես ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց, քննիչները գործին կցել են մի լուսանկար, որտեղ Արամայիս Ավագյանն ու նրա գերդաստանի մյուս տղամարդիկ պատկերված են եղել մորուքով: Լուսանկարն, ըստ Արամայիս Ավագյանի, արվել է իր մահացած եղբոր և պապիկի քառասունքի օրը․ սափրված չլինելն էլ պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով:
Ի՞նչ նպատակ ուներ մինչ այդ 14 տարվա ազատազրկում նախատեսող դատավճռի մասին տեղեկություններ տարածելը
Մինչ դատարանի՝ այսօր հրապարակած դատավճիռը, փետրվարի 15-ին Ֆլորա Սաքունցը հաղորդել էր, որ փաստաբանն իրեն տեղեկացրել է Արամայիս Ավագյանին և նրա ընկերներին 14-ական տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Ավագյանի մայրը հավելել էր, որ դատական նիստերի քարտուղարը հայտնել է, թե դատավճռի կրկնօրինակը դեռ պատրաստ չէ՝ խորհուրդ տալով սպասել 2-3 օր: Ավելի ուշ Ավագյանի ընտանիքի անդամները դիմել էին դատախազություն, որտեղից նրանց հավաստիացրել էին, թե դատավճիռը պետք է հրապարակվի դատարանում:
Ըստ Ֆլորա Սաքունցի, բանտում գաղտնաբար 14 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ լուրը փաստաբանի միջոցով իրեն փոխանցելն ունեցել է մեկ նպատակ՝ ստուգել տրամադրությունները: Ֆլորա Սաքունցի խոսքով, այդ լուրին հաջորդած արձագանքներից հետո՝ արդեն այսօր հրապարակված դատավճիռը վկայում է այն մասին, որ «ուզբեկական արդարադատության համակարգի ներկայացուցիչները վախեցել են»:
Ի դեպ, Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ, Արամայիսի դատավճռով հետաքրքրվել են նաև Ուզբեկստանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչները: Նրանք այսօր փորձել են ներկա գտնվել դատական նիստին, սակայն կարգադրիչները թույլ չեն տվել:
Արամայիս Ավագյանի հարազատների պնդմամբ, գործարարի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է նրա բիզնեսը խլելու՝ համայնքապետ Գաֆուր Կարշիբաևի անհաջող փորձերից հետո: Ըստ պնդումների, վերջինս հայ գործարարին ասել է՝ «բանտ կգնաս»: Այս գործի հետ կապված, հիշեցնենք, իր ուզբեկ պաշտոնակցին էր դիմել նաև Հայաստանի այժմ արդեն նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, իսկ քիչ ավելի ուշ Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը գրություն էր ուղարկել Ուզբեկստանի խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովին:
«Հազվադեպ պատժաչափով դատավճիռ»՝ ծայրահեղականության մեղադրանքի պարագայում
Շատ հազվադեպ է պատահում, որ նման գործի առնչությամբ մեղադրողը պահանջի 18 տարվա ազատազրկում, իսկ դատարանն այդ պատժաչափը իջեցնի 7 տարվա: Այսպիսի դիտարկում արեց Ուզբեկստանում երեք տարի աշխատած, այդ երկրում աղմկահարույց մի շարք գործերի հետևած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: «Այն տարիներին, երբ ես աշխատել եմ Ուզբեկստանում և ծանոթ եմ եղել նմանատիպ բազմաթիվ գործերի, որոնց շրջանակում մարդկանց մեղադրում էին ծայրահեղ իսլամիստականության մեջ, ես չեմ հիշում դատարանի կողմից նման մեղմ մոտեցում: Կարծում եմ, որ այս դեպքում հանրայնացումը գործի համար մեծ նշանակություն է ունեցել»,- ասաց Ալեքսանյանը:
«Ազատության» հարցին, թե ինչպես է Արամայիս Ավագյանն արձագանքել 7 տարվա ազատազրկման վերաբերյալ դատավճռին, նրա մայրը՝ Ֆլորա Սաքունցը պատասխանեց. - «Ասեց՝ մա՛մ, տվե՛ք ապելյացիայի, ասեցի՝ անպայման ենք տալու, Մայի՛ս, մի՛ վախեցի»: Արամայիսի մայրը վերահաստատեց. - «Մինչև վերջ գնալու եմ, իմ հայ ազգի օգնությամբ պիտի հանենք իմ տղուն»: Ֆլորա Սաքունցը նաև ասաց, որ որդուն բանտից ազատելու դեպքում ընտանիքով կվերադառնան Հայաստան: