Աշխարհի ամենահարուստ մարդը համակարգիչների հեղափոխության ամենահայտնի ձեռնարկատերերից է: Հեղինակավոր Forbes պարբերականի հրապարակած` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկն այս տարի ևս գլխավորում է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը:
Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորում էր նաև նախորդ տարի: Նրա կարողությունը, ըստ Forbes-ի, 75 միլիարդ ամերիկյան դոլար է` անցյալ տարվա համեմատ շուրջ 4 միլիարդ դոլարով պակաս:
Նշենք, որ Microsoft-ի համահիմնադիրը հայտնի է նաև բարեգործական կազմակերպություններին և գիտահետազոտական ծրագրերին խոշոր գումարներ նվիրաբերելով ու իր հեղինակած «Ապագայի ճանապարհը» գրքով:
Forbes-ի հետազոտության համաձայն, Facebook-ի հիմնադիր 31-ամյա Մարկ Զաքըրբերգի կրողությունն ավելացել է 11 միլիարդ 200 միլիոն դոլարով և եթե նախորդ տարի Forbes-ի ցանկի 16-րդ տեղում էր, այս տարի 6-րդն է:
Նյութական կարողությունների ավելացման ցուցանիշներ է գրանցել նաև 21-րդ դար առցանց գրախանութի հիմնադրմամբ մուտք գործած Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը: Այսօր նրա հիմնադրած ընկերությունը՝ Amazon-ը, աշխարհի խոշորագույն օնլայն սուպերմարկետն է, իսկ դրա հիմնադիրը Forbes-ի ցուցակում աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում է:
Ամենահաջողակների տասնյակում է նաև Zara հագուստի ապրանքանիշի հիմնադիր, երկաթուղայինների ընտանիքում ծնված իսպանացի Ամանսիո Օրտեգա Գաոնան: Նրան տարիներ առաջ Իսպանիայի արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների նախարարությունը պարգևատրել էր «Քաղաքացիական արժանիքների» շքանշանով:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում է նաև Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Դոնալդ Թրամփը․ նա զբաղեցնում է 324-րդ տեղը՝ իր 4․5 միլիարդ դոլար գնահատվող կարողությամբ: Արևմտյան մամուլը պարբերաբար հիշեցնում է նրա նախընտրական ահռելի ծախսերի մասին:
2016 թվականի ցանկում ընդգրկված միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելի քան 6 տրիլիոն դոլար է՝ 570 միլիարդով պակաս անցյալ տարվա համեմատ: Forbes-ի այս տարվա ցուցակում ընդգրկվել է 1,810 միլիարդատեր՝ նախորդ տարվա համեմատ 16-ով պակաս: 2016-ի ցանկում ընդգրկված միլիարդատերերից 540-ն ամերիկացի է, 251-ը՝ Չինաստանից, 120-ը՝ Գերմանիայից, Ռուսաստանից 77 միլիարդատեր է ընդգրկվել ցանկում․ ի դեպ, անցյալ տարի ռուսաստանցի միլիարդատերերի թիվը 11-ով ավելի էր: