Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) այսօրվա քվեարկությամբ հավասարապես հիասթափեցրեց ու գոհացրեց թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմին՝ մի դեպքում ընդունելով հակահայկական բանաձևը, մյուս դեպքում ձախողելով հակահայկական բանաձևի ընդունումը։
Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի ընդունումը ձախողվեց 66 կողմ և 70 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս վիճահարույց փաստաթուղթը կոչ էր անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:
Մինչդեռ բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցը 98 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց։ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը որպես սպառնալիք ներկայացնող Մարկովիչը, ով այդպես էլ չի այցելել Ղարաբաղ, պնդում է, թե հայկական կողմը այդ ջրամբարը որպես զենք է օգտագործում, սպառնում է ադրբեջանցիներին և զրկում նրանց գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից: Նշենք, որ Ստեփանակերտը մշտապես արտահայտել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ:
Հատկանշական է, որ երկու հակահայկական զեկույցները կազմվել են բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում։ Այս կապակցությամբ հնչող մեղադրանքներին անդրադառնալով, բոսնիացի պատվիրակ Մարկովիչը հայտարարեց, թե «ցանկացել է Հայաստան այցելել՝ տեղեկատվություն ստանալու և փոխանակելու նպատակով, սակայն հնարավորություն չի ունեցել»՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու։
Որքան էլ այս պատգամավորը հարցը փորձում էր ներկայացնել որպես հումանիտար խնդիր, այդուհանդերձ, ելույթ ունեցող խորհրդարանականներից շատերն էին հայտարարում, որ Մարկովիչը հարցը շահարկում է, ստվեր նետում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության վրա: Այդ փաստաթուղթը նույնպես կոչ է անում դուրս բերել հայկական զորքը Ղարաբաղից։ Ուոլթերի պես Մարկովիչն էլ էր օգտվել պաշտոնական Բաքվի բառապաշարից՝ կիրառելով տերմիններ ու ձևակերպումներ, որոնք անընդունելի են ոչ միայն հայկական կողմի, այլ նաև Մինսկի խմբի համար։
Այս ամենը ԵԽԽՎ-ի շատ պատգամավորների աչքից չի վրիպել։ Զեկույցներն ուղեկցվել են բուռն քննարկումներով և կոշտ քննադատություններով։ Տասնյակ պատգամավորներ իրենց ելույթներում կոչ էին անում դեմ քվեարկել կամ ետ ուղարկել այդ փաստաթղթերը համապատասխան հանձնաժողովներ, քանի որ դրանք նախ ոչ թե նպաստում են լարվածության թուլացմանը, այլ իրենց հերթին է՛լ ավելի են խորացնում այդ տարածաշրջանում լարվածությունը։ Նշվում էր, որ փաստաթղթերի բովանդակությունը շատ ընդհանրություններ ունի պաշտոնական Բաքվի քարոզչության հետ, որն իր հերթին հիշեցնում է Հայաստանին դեմ մեղադրական եզրակացություն։
Ալիևի վարչակազմի՝ խաղաղության հաստատման ցանկության մասին բարձրաձայնող Մարկովիչին հակադարձելով՝ ֆրանսիացի պատգամավոր Ռուդե Սելսը մեջբերեց Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը՝ «մենք չենք թողնի Հայաստանին խաղաղության մեջ ապրել»։
«Ես զարմացած եմ: Դուք խոսում եք լարվածության թուլացման մասին, մինչդեռ նման զեկույցներով դուք ավելի եք խորացնում լարվածությունը»,- հայտարարեց պատգամավոր Սելսը:
Մեկ այլ պատգամավոր Ռենե Ռուքեն նշեց, որ նման զեկույցները պարզապես վարկաբեկում են համանախագահների աշխատանքը միջազգային հանրության առջև։
«Բանաձևերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը և անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին»,- հայտարարել են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները։
Ստրասբուրգում գտնվող պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ընդհանուր առմամբ դրական է գնահատում տեղի ունեցածը, քանի որ վատագույն փաստաթուղթը չընդունվեց։
«Այս փուլում դա լավ հաջողություն էր, որովհետև, ըստ էության, խափանվեց այն հիմնական մարտավարությունը, որը Ադրբեջանը էստեղ իրականացնում էր՝ փորձել ձեռք բերել ամբողջապես իր տեսակետներն արտացոլող՝ Ղարաբաղի կարգավորման հետ կապված փաստաթուղթ։ Դա իրենց չհաջողվեց»,- ասաց Ռուստամյանը։
Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին մասին զեկույցի ընդունմանը, Ռուստամյանը նշեց, թե քվեարկության վրա ազդեց փաստաթղթում հումանիտար հարցի առկայությունը։ «Բայց առաջիկայում հայկական պատվիրակությունը Ջողասի ջրամբարի օրինակով Եվրոպայի խորհրդին ցույց կտա, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում ջրից զրկվել է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչությունը»,- նաև ասաց Ռուստամյանը.- «Եթե կոնֆլիկտի հետ էինք կապում, ապա այդ կոնֆլիկիտի առկայությունը նաև բերել էր այդ իրավիճակին մեկ այլ ուղղությամբ։ Չի կարող Եվրոպայի խորհուրդը միակողմանի պահանջել, որ Սարսանգի ջուրը օգտագործեն ազերիները, բայց Ադրբեջանը թույլ չտա, որ Ջողասի ջուրը հայերն օգտագործեն»։
Քվեարկությունը ցույց տվեց, որ ԵԽԽՎ-ի իմունային համակարգը լուրջ խնդիրներ ունի, արձագանքելով տեղի ունեցած քվեարկության արդյունքներին՝ հայտարարում է պաշտոնական Ստեփանակերտը, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնում այն պատգամավորներին, ովքեր «չօգտվեցին ադրբեջանցիների շաբաշներից»։
«Մի կողմից, իհարկե, վատ է, մյուս կողմից՝ ինչ-որ ձևով կարևոր է, որ մյուս խայտառակ զեկույցը չի ընդունվել։ ԵԽԽՎ-ն փաստորեն ոչ թե նոքաութ գնաց, այլ նոքդաուն։ Հիմա տեսնենք՝ կարողանում է վերականգնվել։ Տարիներ է պետք, որպեսզի այդ կազմակերպությունը իր ոտնահարված հեղինակությունը կարողանա վերականգնի»,- «Ազատությանն» ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։