Ռուսաստանի քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի վարչության միջնորդությունը բավարարելով՝ դատարանը որոշել է կալանավորել ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար, արտերկրում ապրող Միխայիլ Խոդորկովսկուն: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս տեղեկությունը տարածել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ավելի վաղ Խոդորկովսկուն առաջադրվել էր 1990-ականների վերջին սիբիրյան Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանությունը և ևս երկու անձանց նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեղադրանք:
«Պետուխովի սպանության կազմակերպման որոշումը կապված է եղել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության՝ պետությունից թաքցրած հարկերը վերադարձնելու վերաբերյալ նրա՝ որպես Նեֆտեյուգանսկի քաղաքապետ ներկայացրած օրինական պահանջների հետ: Եվգենի Ռիբինի նկատմամբ մահափորձը կապված էր ՅՈւԿՕՍ-ի դեմ նրա ներկայացրած հայցի հետ՝ այդ ընկերության ապօրինի գործունեության հետևանքով առաջացած վնասների առնչությամբ»,- բացատրել է Վլադիմիր Մարկինը և ավելացրել, որ Խոդորկովսկու նկատմամբ խափանման միջոց ընտրելը սովորական քայլ է, «և կարևոր չէ՝ որտեղ է պատսպարվում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողը՝ Ռուսաստանո՞ւմ, թե՞ արտերկրում, թեկուզ՝ Անտարկտիդայում»:
«Մենք պարտավոր ենք կայացնել օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Քննչական կոմիտեի ղեկավարը:
«Նրանք խելագարվել են»,- Քննչական կոմիտեի հայտարարությանն արձագանքելով՝ բնորոշել է Միխայիլ Խոդորկովսկին:
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարն առավել անհանգստացնող է որակել այն, որ իրավապահները երեկ խուզարկություններ են իրականացրել իր հիմնադրած «Բաց Ռուսաստան» հիմնադրամի աշխատակիցների, նրանց մերձավորների ու հարևանների բնակարաններում: