Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտյան՝ զինված և դիմակներով հատուկջոկատայինների ուղեկցությամբ, խուզարկություններ է կատարելԿրեմլի քննադատ, ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար, այժմ արտերկրում ապրող Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում:
Խոդորկովսկին խուզարկությունները որակել է «սպասելի ճնշում»:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ քննչական գլխավոր վարչության վարույթում է ՅՈւԿՕՍ-ին վերագրվող՝ դուստր նավթային ընկերությունների միջոցների հափշտակման, դրանից հետո՝ փողերի լվացման գործը, նաև, ինչպես Քննչական կոմիտեն է նշում, «հետախուզման մեջ գտնվող անձանց» գործը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ վկայակոչվում է «ավելի քան 50 միլիարդ ԱՄՆ դոլարի» վերաբերյալ տվյալների իսկությունը պարզելու անհրաժեշտությունը:
Ըստ հաղորդագրության, այսօր տեղի ունեցած խուզարկությունների նպատակն է եղել պարզել տվյալները, ըստ որոնց՝ «ավելի վաղ հափշտակված գումարներ են օրինականացվում»: Այդ իսկ պատճառով, ըստ պաշտոնական պնդումների, խուզարկություններ են եղել «Բաց Ռուսաստան»-ի աշխատողների և անձանց բնակարաններում, որոնք «ֆինանսավորվում են նախկինում, հնարավոր է նաև` ներկայում, Միխայիլ Խոդորկովսկու և խմբի այլ անդամների ղեկավարած ընկերությունների միջոցներից»:
«Բաց Ռուսաստան»-ի մենեջեր Պոլինա Նեմերովսկայան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայել է, որ առավոտյան ժամը 6-ից են սկսվել խուզարկությունները՝ 11 աշխատակիցների բնակարաններում: Նեմերովսկայայի խոսքով, խուզարկել են նաև աշխատակիցների բարեկամների բնակարանները, նրանցից մեկի շենքի մուտքի բոլոր տները:
Խոդորկովսկին Թվիթերում գրել է, որ «Բաց Ռուսաստան»-ի ներկայիս աշխատակիցներից որևէ մեկը ՅՈւԿՕՍ-ում չի աշխատել: «1993 թվականին, երբ տեղի է ունեցել այժմ իրավապահների ուշադրությանն արժանացած գործարքը, «Բաց Ռուսաստան»-ի աշխատակիցներից շատերը շատ փոքր են եղել», - ընդգծել է նա:
«Երբ, օրինակ, ես չէի ծնվել», - Խոդորկովսկու խոսքը շարունակել է Պոլինա Նեմերովսկայան և ավելացրել. - «Մեր աշխատակիցներից շատերը հաճախում էին մանկապարտեզ, դպրոց և այլն, և հասկանալի չէ, թե ինչ կապ ունենք մենք այդ ամենի հետ, որովհետև մեզանից շատերը երբեք կապ չեն ունեցել ՅՈւԿՕՍ-ի որևէ կառույցի հետ»:
Խոդորկովսկին համոզմունք է հայտնել, որ խուզարկությունների պատճառը իր հանդիպումն է լրագրողների հետ: Երկու շաբաթ առաջ Լոնդոնում ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ հեղափոխությունը Ռուսաստանում անխուսափելի է:
Ըստ Խոդորկովսկու, իր նկատմամբ հետապնդումը հիմա տեղի է ունենում այնպես, ինչպես 2003 թվականին էր: «Պուտինը դարձել է կանխատեսելի, գոնե մի տեղ կայունություն կա», - Թվիթերում գրել է ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը:
Խոդորկովսկին հիշեցրել է նաև «Բաց Ռուսաստան»-ի հրապարակումը Իսպանիայում ռուսական մաֆիայի վերաբերյալ՝ Վլադիմիր Պուտինի լուսանկարով, ապա այս ամենի ֆոնին խուզարկություններ կատարելու փաստը բնորոշել է որպես բրեժնևյան ժամանակներից հայտնի միջոց:
11 օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն 10 տարի բանտում անցկացրած Խոդորկովսկուն մեղադրում է 1990-ականների վերջին սիբիրյան Նեֆտեյուգանսկ քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանությունը և ևս երկու անձանց նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:
52-ամյա Խոդորկովսկին հարկերից խուսափելու մեղադրանքով բանտում անցկացրել է ավելի քան 10 տարի:
Նա ձերբակալվել էր 2003 թվականին` քաղաքական կյանք մտնելու փորձերից անմիջապես հետո: 2005-ին Խոդորկովսկին հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման: 2010 թվականին նա երկրորդ անգամ է դատապարտվել` այդ անգամ միջոցների վատնման մեղադրանքով: Երկու տարի առաջ այս օրերին Վլադիմիր Պուտինը անսպասելիորեն ներում շնորհեց Խոդորկովսկուն, թեև ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավարը Պուտինին ներման համար չի դիմել:
Իրավապաշտպանները Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ հետապնդումը միանշանակ պայմանավորում են քաղաքական ենթատեքստով: