Մատչելիության հղումներ

Երևանում վնասազերծվել է խոշոր հանցախումբ


Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ: Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.
Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ: Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Ձերբակալված տասը անձանցից երեքը Արցախի ազատամարտի մասնակիցներ են, չորսը՝ կին: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ գործի են դրվել պայթուցիկ սարքեր ու ծանր զրահամեքենա:

Հարևանները պնդում են, որ դեռ լուսադեմին կրակոցներ են լսել, դուրս եկել ու պարզել, որ դիմակավորված տասնյակ հատուկջոկատայիններ շրջափակել են փողոցի այդ հատվածը, նշանառության տակ առել երկհարկանի առանձնատունը, որտեղ ժամեր շարունակված խուզարկությունից հետո պաշտոնապես հաղորդվեց, որ առգրավվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, պայթուցիկ նյութեր ու սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ:

ԱԱԾ-ն պնդում է, որ ստեղծվել է 10 հոգանոց հանցավոր խումբ՝ Հայաստանի քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: Նա հավաքագրել էր հիմնականում չաշխատող19 քաղաքացիների՝ տարբեր մարզերից:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք նպատակ են ունեցել Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել: Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հրապարակվում:

Իրավապահները տևական ժամանակ առանձնատունը խուզարկելուց հետո հեռացան՝ առանց դուռը կապարակնքելու՝ թույլ տալով ներկա բնակիչ-լրագրող-ականատեսներին անարգել մտնել դեպքի վայր:

ԱԱԾ-ն անպատասխան թողեց «Ազատության» հարցը, թե ինչու իրավապահները չէին կապարակնքել դեպքի վայր հանդիսացող տունը:

Հատուկ գործողությունից հետո տան գրեթե բոլոր դռներն ու ապակիները կոտրված էին, անկողինները՝ տակնուվրա արված:

Առանձնատունը մեկ ամիս առաջ էր տրվել վարձակալության: Տանտիրոջ քույրը՝ Գայանե Հախվերդյանը, պատմեց, որ տունը վարձով են տվել բրոկերի միջոցով ու ոչինչ չգիտի վարձակալների մասին․ - «Ընդամենը մի ամսով էր տվել վարձով․․․ Բրոկերին ոչ մի կերպ չենք կարողանում գտնել․․․ Ընդամենը մի անձնագրի քսերոքս են տվել քրոջս․ կնոջ անձնագիր, որը Նուբարաշենի գրանցում ունի»:

Հարևանները ևս վարձակալների մասին շատ բան չգիտեին, ասում էին միայն, որ սփյուռքահայեր են եղել․ - «Չգիտենք քանի հոգի են եղել, գնում-գալիս էին․․․ Բայց կոնկրետ ո՛չ տեսել ենք իրանց, ո՛չ շփվել ենք․․․ Սփյուռքահայերը ոնց են խոսում՝ այդպես էին խոսում»:

Իսկ հարևաններից մի տղամարդ հարցին, թե ովքեր էին ապրում այդ տանը, պատասխանեց․ - «Հայրենադարձներ են, մեր գաղթահայերն են»:

XS
SM
MD
LG