Մատչելիության հղումներ

Սպանված կուրսանտի հարազատները պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը


Հայկազ Բարսեղյանի մայրը դատական առաջին նիստի ժամանակ: 18-ը նոյեմբերի 2015 թ․
Հայկազ Բարսեղյանի մայրը դատական առաջին նիստի ժամանակ: 18-ը նոյեմբերի 2015 թ․

Կուրսանտի հարազատներն այսօր չէին ներկայացել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Տարեսկզբին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հարազատները դատարանից պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը դատական նիստերի դահլիճում։

Հակառակ դեպքում, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, իրենք կդիմեն ինքնապաշտպանական գործողությունների:

Կուրսանտի հարազատներն այսօր չէին ներկայացել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք նամակ էին հղել դատավորին՝ խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը:

Դատավորին ուղղված նամակում սպանվածի տատը նկարագրել է, թե ինչպես դատական նիստի ժամանակ ինչ-որ երիտասարդներ փորձել էին ահաբեկել իրենց:

«Մայրս է ասել: Ինքը դրանց հետևի նստարանին նստած ա եղել և լսել է էդ հայհոյանքը և սպառնալիքը», - ասաց նա՝ հավաստիացնելով, որ դատական նիստերին կներկայանան․ - «Մենք անպայման կգանք: Նենց չի, որ իրանք սպառնացել են, չենք գալու: Ոնց ուզում ա լինի, ինքնապաշտպանություն լինելու ա: Հետո հանկարծ չլինի՝ չդիմեիր ինքնապաշտպանության, դիմեիր մեզ, մենք կապահովեինք ձեր անվտանգությունը»։

Հենց առաջին դատական նիստն անցել է լարված մթնոլորտում․ ամբաստանյալների ընկերները դիտողություն էին արել որդեկորույս մորը, և դատական կարգադրիչները դահլիճից հեռացրել էին նրանց:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դին այս տարվա հունվարի հայտնաբերվել էր ինստիտուտի մարզահրապարակում, պտտաձողի վրա կախված վիճակում: Սպանության մեջ մեղադրվում է նույն ինստիտուտի 4 կուսանտ, այդ թվում ինստիտուտի արդեն նախկին պետի տեղակալ Զարմիկ Թևոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը։ Վերջինիս պաշտպան Արա Զաքարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իր պաշտպանյալի ու հարազատների կողմից սպառնալիքներ չեն հնչեցվել։

Զաքարյանը շարունակում է պնդել, թե ամբաստանյալները կապ չունեն կուրսանտի մահվան հետ: Տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանը, մինչդեռ, վկայակոչում է դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները․ - «Ես ինքնասպանության վարկածը բացառում եմ․․․ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որտեղ տվել ա, որ ինքը երբ որ կախվել ա, արդեն մահացած է եղել»:

Դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 10-ին:

XS
SM
MD
LG