Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը։ Դատական առաջին նիստն անցավ լարված մթնոլորտում։
Երբ ոստիկանության հսկողության ներքո նիստերի դահլիճ բերվեցին սպանության մեջ մեղադրվող կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը, սպանված զինվորի ծնողներն ու հարազատները բորբոքվեցին և սկսեցին բղավել։
Լարված մթնոլորտն է՛լ ավելի թեժացավ, երբ ամբաստանյալների ընկերները, որ հարևանությամբ էին նստած, դիտողություն արեցին որդեկորույս մորը։ Դատական կարգադրիչները հեռացրեցին կուրսանտի մոր հետ վեճի բռնված երիտասարդներին։
Դատական նիստն ընդհատվեց այս գործով մեղադրյալ Վարազդատ Սաֆարյանի ու նրա պաշտպանի բացակայության պատճառով։ Սաֆարյանը, ըստ մեղադրանքի, Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի հետ միասին ծեծի է ենթարկել այլ ծառայակիցների։
Նիստի ավարտին, սպանված Հայկազ Բարսեղյանի մայրն ուշաթափվեց։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունվարին ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտի սպանության մեջ մեղադրվողների թվում է նաև ռազմական ինստիտուտի արդեն նախկին պետի տեղակալ Զարմիկ Թևոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը։
Սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանն այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ պահանջում են ցմահ ազատազրկել որդու սպանության մեջ մեղադրվողներին։
Քրեական գործի նյութերին տեղյակ հայրը նշում է, որ ռազմական ինստիտուտի այն ժամանակվա պետի տեղակալի որդին և նրա ընկերները վախի մթնոլորտ էին ստեղծել զորամասում։ Իր որդին չէր ենթարկվել նրանց, ինչն էլ պատճառ էր դարձել, որ կենցաղային վեճը վերաճի դաժան սպանության: Արկադի Բարսեղյանը պատմում է, որ հետքերը վերացնելու համար կուրսանտներն արդեն մահացած Հայկազին կախել են:
«Իրանց դուր չի եկել, որ մեկը, թեկուզ ճիշտ բանով, իրանցից առավել լինի: Իրանք՝ էդ չորսը պիտի նայեին էդ զոնը: Բայց մնացածը որ հանգիստ սովորում են, ծառայում են, դա իրանց դուր չի եկել: Մինչև Հայկազի սպանությունը ահագին ծեծել, ջարդել են մյուս կուրսանտներին, ու ստից բաների համար: Կարող ա շարքի մեջ կողքինի հետ խոսելու համար բռնեին շարքի մեջ ծեծեին չորս հոգով: Հիմա ասում են, որ գլխավոր մեղավորներն էս չորսն են, բայց ես կարող եմ ասել, որ կապիտան Զարաֆյանը տեղյակ ա էղել․․․»,- շարունակում է Հայկազի հայրը:
Ռազմական ինստիտուտի նախկին պետի տեղակալի որդու՝ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, մինչդեռ, պնդում է՝ իր պաշտպանյալն ու ընկերները կապ չունեն Հայկազ Բարսեղյանի մահվան հետ։ Ըստ նրանց, զինվորն ինքնասպանություն է գործել։
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 1-ին։