Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Որևէ կապ չկա «Նոր Հայաստան»-ի և տվյալ խմբավորման միջև»


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

Երեկ ուշ երեկոյան «Ժառանգություն»-ը վարչության նիստ է գումարել։

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ ուշ երեկոյան վարչության նիստում քննարկել է իշխանափոխության ծրագիրն ու անդրադարձել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հայտարարությանը՝ Երևանում «զինված հանցախումբ վնասազերծելու» մասին:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե դա իրապես կասեցված հանցախումբ էր, որն, ըստ ԱԱԾ-ի, պատրաստվում էր Հայաստանում ծանր հանցագործություններ իրականացել, նրանց վնասազերծումը գովելի է: Բայց ընդգծեց, որ լուրեր շրջանառողները փորձում են այս պատմության մեջ ներքաշել «Նոր Հայաստան» միավորմանը, ինչը, Մարտիրոսյանի կարծիքով, հոգեբանական ճնշման փորձ է, որպեսզի դեկտեմբերի 1-ին քաղաքացիական խաղաղ անհնազանդության մասնակիցների թիվը կրճատվի։

«Որևէ կապ չկա «Նոր Հայաստան»-ի և տվյալ խմբավորման միջև։ Եթե սա հանրաքվեին ընդառաջ ահաբեկման փորձ է հասարակությանը, ապա միանշանակ դատապարտելի է։ Բայց ցանկացած պարագայում՝ լինի դա իրապես կասեցված ահաբեկչություն, կանխված ահաբեկչություն, թե շոու, ինչը մենք, ցավոք սրտի, ևս տեսել ենք, մեր իրականությունից դա հեռու չէ, բայց եթե, նորից եմ կրկնում, իրապես ահաբեկչական գործողություն է պլանավորվել և կանխվել է, իհարկե, ողջունելի քայլ է», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը։

Երեկվա նիստը հրավիրել էր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով շուրջ մեկ ամիս բացակայել էր Հայաստանից:

Կուսակցության փոխնախագահը նշեց, որ հանդիպման առանցքում առաջիկա սահմանադրական հանրաքվեն հանրահավաքներով տապալելու ծրագիրն էր։

«Հանրահավաքներին ընդառաջ և հատկապես դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան»-ի՝ Ազատության հրապարակում հանրային մոբիլիզացիայի միջոցով, քաղաքացիական խաղաղ անհնազանդություն սկսելու միջոցով իշխանություններից ազատվելու և սահմանադրական փոփոխությունները կասեցնելու հարց ենք քննարկում», - ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ նոյեմբերի 28-ին ժամը 13-ին լինելու են Գյումրիում, և Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է «Նոր Հայաստան»-ի այդ հանդիպմանը։ «Ժամը 16-ին լինելու ենք Վանաձորում։ Սա է շրջանակը, որովհետև մենք արդեն եկել ենք, ըստ էության, եզրագծին ենք հասել», - ասաց կուսակցության փոխնախագահը։

Վարչության նիստում «ժառանգություն»-ը կազմել է առաջիկա մարզային այցելությունների ժամանակացույցը: Արմեն Մարտիրոսյանը կրկին պնդեց, որ «նոր Սահմանադրությունը կուսակցապետություն ստեղծելու լավագույն հնարավորությունն է իշխանության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG