Մատչելիության հղումներ

Օբաման և Օլանդը՝ ընդդեմ ռուս-թուրքական վեճի և ահաբեկչության


ԱՄՆ - Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը Սպիտակ տանը համատեղ ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը նոյեմբերի, 2015թ․
ԱՄՆ - Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը Սպիտակ տանը համատեղ ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը նոյեմբերի, 2015թ․

ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Սպիտակ տանը հայտարարել են ահաբեկչությանը միասնաբար դիմակայելու մասին:

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սպիտակ տանը համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիային և Ռուսաստանին հորդորել են խուսափել իրավիճակի հետագա սրումից՝ կապված թուրք-սիրիական սահմանին ռուսական օդուժի Су-24 օդանավի խոցման հետ:

Օբաման հայտարարել է․ - «Թուրքիան բոլոր երկրների նման իրավունք ունի պաշտպանել իր տարածքները, օդային սահմանը»: «Այս պահին մեզ համար շատ կարևոր է համոզված լինելը, որ Ռուսաստանը և Թուրքիան զրուցում են իրար հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և կձեռնարկեն միջոցներ՝ իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Բարաք Օբաման հայտնել է, որ առաջիկա օրերին կզրուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Իրավիճակի սրման անթույլատրելիությունն է ընդգծել նաև Ֆրանսուա Օլանդը՝ ավելացնելով, որ նախատեսում է վաղը քննարկումներ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների երեկվա զրույցի առանցքային թեմաներից է եղել նաև «Իսլամական պետության» դեմ պայքարը: «Մենք նախագահ Օբամայի հետ որոշել ենք ուժեղացնել հարվածները Սիրիայում և Իրաքում»,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:

«Սա կարևոր պահ է ազգերի և աշխարհի համար», - ասել է Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը «Իսլամական պետություն» խմբավորումը բնորոշել է իբրև բարբարոսական ահաբեկչական և ասել. - «Դա չի կարող լինել հանդուրժելի, դա պետք է ոչնչացվի, և մենք դա պետք է անենք միասին»:

Բարաք Օբաման ընդգծել է, որ Ֆրանսիան Միացյալ Նահանգների բարեկամն է: «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչպես էին ֆրանսիացիները կանգնել մեր կողքին Սեպտեմբերի 11-ից հետո, և այսօր մենք կանգնում ենք ձեր կողքին», - ֆրանսիացի գործընկերոջն ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG