Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարը օրենսդիրների հետ փակ դռների հետևում քննարկեց ԵԽԽՎ զեկույցը և ԼՂ հարցը


Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր Ազգային ժողով էր հրավիրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Մոտ մեկ ժամ տևած հանդիպումը անցավ փակ դռների ետևում, իսկ հանդիպումից հետո թե՛ նախարարը և թե՛ պատգամավորները հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել:

Էդվարդ Նալբանդյանը միայն ասաց, թե կարևորագույն բոլոր խնդիրներին էլ անդրադարձել են` ղարաբաղյան հարցից մինչև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովում ընդունված հակահայկական զեկույցը: Բայց թե ինչպիսի մարտավարություն է մշակվել ԵԽԽՎ լիագումար նիստում զեկույցի ընդունումը կանխելու համար և արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանը բոյկոտի Եվրախորհրդի աշխատանքները, Էդվարդ Նալբանդյանը բոլոր այս հարցադրումներն անպատասխան թողեց:

«Եթե կարիքը լիներ հրավիրել մամուլի սրահ և բոլոր մեր քննարկումները անեինք մամուլի ներկայությամբ, ուրեմն դա կարվեր։ Եթե դա չի արվել, ուրեմն նախարարը պետք է դուրս գա և պատմի՞ ինչ է ասել»,- ասաց Նալբանդյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նույնպես փակագծերը շատ չբացեց: «Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հուզող խնդիրներ՝ կապված և՛ ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլերի հետ, և՛ ԵԽԽՎ-ում ստեղծված իրավիճակի հետ, և՛ տարածաշրջանային հնարավոր զարգացումների հետ։ Ամենատարբեր»։

Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, որ Հայաստանը հնարավոր է բոյկոտի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, Զաքարյանն ասաց.- «Մամուլի քննարկումներին չանդրադառնանք։ Հստակեցումներ եղան, բայց ես հիմա նրա համար չեմ ձեր հարցերին պատասխանում, որ պատմեմ, թե ինչ է լինելու»։

Զաքարյանը հրաժարվեց նաև մանրամասներ փոխանցել Ղարաբաղի և ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հայտարարության տեքստի մասին։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեկ այլ անդամ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ավելի լակոնիկ էր։ «Հանրության հրապարակման համար ոչ անհրաժեշտ [հարցեր ենք քննարկել]»,- ասաց։ «Այդքան մտահոգիչ հարցեր էի՞ն»։ «Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական խնդիր էլ պետք է մտահոգի գործիչներին, որպեսզի լուծումներ գտնվեն»։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր Համլետ Հարությունյանը փոքր-ինչ անկեղծացավ՝ ասելով, որ հանդիպման ընթացքում բարձրացրել են ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի ընդունած հակահայ զեկույցի հետ կապված հարցը: Զեկույցի նախագիծը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»: Զեկույցն արդեն Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում է, և հայաստանյան պատվիրակության անդամները հավանական են համարում, որ այն կընդունվի:

«Ես անձամբ մտահոգված եմ՝ որպես ԱԺ պատգամավոր, որպես արցախցի, այդ փաստաթղթի ընդունմամբ։ Կուզենայի, որ ոչ միայն պատվիրակությունը, այլև արտաքին գործերի նախարարությունով, մեր բոլոր կառույցներով այնպես անենք, որ դա չդառնա պաշտոնական փաստաթուղթ»,- ասաց Հարությունյանը։

XS
SM
MD
LG