Ռուսաստանի արտգործնախարարը քննադատեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի օրերս ընդունած զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ հայտարարելով, թե Մինսկի խմբում համանախագահող երկրները դեմ են, որ ղարաբաղյան հարցը տեղափոխվի այլ հարթակներ:
«Մենք՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, հաստատապես դեմ ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում հետևողական, գործնական և համբերատար երկխոսության փոխարեն, փորձեն այս թեման տեղափոխել տարաբնույթ միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ: Համենայնդեպս, միջազգային հանրության անունից նրանց ոչ ոք նման հանձնարարություն չի տվել։ Համանախագահները աշխատում են կողմերի պայմանավորվածության հիման վրա, որը հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Լեռնային Ղարաբաղի խնդրում այս եռյակն է հանդիսանում լիազորված միջնորդը, և ցանկացած կտրուկ գործողություն՝ անկախ այն բանից, թե ով է հեղինակը, միայն վնասում է գործին և համանախագահներին», - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում այսօր Երևանում հայտարարեց Սերգեյ Լավրովը:
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի անցած չորեքշաբթի ընդունած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցը, որը հեղինակել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»:
Հայաստանում զեկույցն արժանացավ սուր քննադատության: Այսօրվա ասուլիսում արտգործնախարար Նալբանդյանը կասկածի տակ առավ բրիտանացի պատգամավորի անկաշառ լինելը․ - «Մի մարդ, ով երկար տարիներ եղել է բրիտանական խորհրդարանում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ, ով, բրիտանական մամուլի հրապարակման համաձայն, ֆինանսավորվում է Բաքվից՝ համապատասխան ֆոնդերից, չէր կարող ունենալ անկողմնակալ դիրքորոշում»:
Ե՛վ Լավրովը, և՛ Նալբանդյանը ասացին, որ այսօրվա բանակցությունների ժամանակ մանրամասնորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք աջակցում ենք Երևանի դիրքորոշմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Համոզված ենք, որ պետք է շարունակել ջանքերը՝ աջակցելու կողմերին, որպեսզի նրանք մշակեն փոխադարձաբար ընդունելի հիմք կարգավորման համար», - հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովը այսօր է աշխատանքային այցով ժամանել Երևան՝ Հայաստանի արտգործնախարարի հրավերով: Այսօր ավելի ուշ նրան ընդունելու է նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, այսօրվա ասուլիսը ապահովված էր հայերեն համաժամանակյա թարգմանությամբ, ինչը պահանջում է «Լեզվի մասին» օրենքը և ինչը չէր արվել, օրինակ, Լավրովի նախորդ այցելությունների ժամանակ: Սակայն Հայաստանի արտգործնախարարը ասուլիսի ժամանակ խոսում էր ռուսերեն: Օտարերկրյա այլ հյուրերի դեպքում Նալբանդյանը սովորաբար խոսում է Հայաստանի պետական լեզվով՝ հայերեն:
«Աշխատանքային լեզուն և՛ հանդիպման, և՛ ասուլիսի ռուսերենն էր, և ՀՀ օրենսդրության համաձայն, ապահովված էր նաև համաժամանակյա հայերեն թարգմանությամբ: Սովորաբար, եթե օտարերկրյա հյուրը ռուսախոս է, և նրանց կողմից ցանկություն է հայտնվում․․․ ասուլիսները ռուսերեն լեզվով են անցնում», - պարզաբանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հարցին, թե արդյոք դա առանձնահատուկ վերաբերմունքի դրսևորում է, Բալայանը պատասխանեց․ - «Բացարձակապես: Ուղղակի դա շփման լեզու է, որին երկու բանախոսներն էլ տիրապետում են, և նախընտրություն է տրվում այդ լեզվին, որպեսզի թարգմանության հնարավոր թերություններից խուսափվի»: