Հանրակացարանն այսօր զուրկ է տարրական կենցաղային պայմաններից․ ամբողջ հանրակացարանում ջրի մեկ ծորակ է գործում, խոհանոցներն անմխիթար վիճակում են, ամենուր հակասանիտարական վիճակ է:
Հանրակացարանի պատասխանատու Մարինե Անանյանն այստեղ է անցկացրել իր երիտասարդությունը, այստեղ է մեծացրել երեխաներին: Նա արդեն չի հիշում, թե տասնամյակների ընթացքում քանի նամակ է գրել իշխանություններին՝ խնդրելով կա՛մ վերանորոգում կատարել, կա՛մ հնարավորություն տալ բնակիչներին սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները: Ի պատասխան հնչած խոստումներն այդպես էլ իրականություն չեն դարձել:
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, թե խնդիրն ավելի երկար պատմություն ունի, քանի իր պաշտոնավարումը: Թվարկեց, թե իր օրոք ինչ է կատարվել՝ հարյուր մեքենա աղբ է հեռացվել, անցկացվել է հարակից տարածքի լուսավորություն: Հավելեց, որ ընթացքում է ջրամատակարարման ու ջրահեռացման, շենքի վերանորոգման նախահաշիվների կազմումը:
«Մենք կդնենք ավագանու առաջիկա նիստի քննարկմանը: Երևի սեփականաշնորհենք այդտեղ ապրող բնակիչներին: Ինչ հնարավոր է, քաղաքապետարանի միջոցներով կանենք՝ սանհանգույցի հարցը լուծենք, ջուրը տանենք շենքից ներս և մտածենք տանիքը ոնց ենք վերանորոգում: Մնացածն էլ երևի արդեն բնակիչները կանեն, քանի որ արդեն իրենց սեփականությունը կլինի», - ասաց Ղալումյանը: