Նուբարաշենի աղբավայրն արդեն վտանգավոր է շրջակա միջավայրի համար, ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Եթե աղբավայրը շարունակեն շահագործել նույն տեմպերով, այն կարող է ուղղակի պայթել, բացի այդ՝ անձրևների հետ աղբավայրի թունավոր նյութերը հայտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, պնդում է փորձագետը:
Դանիելյանը փաստում է, որ արդեն 53 տարի շահագործվող աղբավայրում ո՛չ տեսակավորման համակարգ է ստեղծվել, ո՛չ էլ վերամշակման գործարան:
«Ռեակցիաների արդյունքում առաջանում են տարբեր գազեր, և պատահական չէ, որ եղել են քաղաքներ, որտեղ աղբավայրերը պայթել են: Աղբավայրում, փաստորեն, ուղղակի ընտանիքներ են ապրում և զբաղվում են հենց այդ աղբի դիֆերենցմամբ՝ սարսափելի հակասանիտարական պայմաններում», - ասում է նա:
Դանիելյանը նշում է, որ աղբավայրն այս վիճակում չէր հայտնվի, եթե 2007 թվականին քաղաքապետարանը թույլ տար ճապոնական «Շիմիզու» ընկերությանը լիարժեքորեն իրականացնել այստեղից բիոգազ ստանալու և այն այրելու միջոցով էլեկտրաէներգիա ստանալու ծրագիրը: Այժմ ճապոնացիների կողմից ներդրած թանկարժեք սարքավորումներով ստացվող գազը, շահույթ բերելու փոխարեն, աղտոտում է շրջակա միջավայրը:
«Ըստ նախնական համաձայնության 30 հեկտար տարածք պետք է տրամադրվեր ճապոնացիներին աշխատանքի համար, տրամադրվեց ընդամենը 7, և հիմա այդ գազը բավարար չէ, որպեսզի էլեկտրականություն ստանան, գազը ուղղակի այրվում է», - մանրամասնում է բնապահպանը:
Օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանյայը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին: Ծրագրով նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ, ինչպես նաև գործող աղբավայրի հարևանությամբ նոր՝ 30 հեկտար տարածքով աղբավայր հիմնել:
Բնապահպան Ինգա Զառաֆյանի համար ծրագիրն անընդունելի է, քանի որ հին աղբավայրը ծածկվելու է, իսկ դրա փոխարեն բացվելու է նորը, ընդ որում այս նոր ծրագրում չի նշվում վերամշակման, էլեկտրաէներգիայի ստացման մասին: «Ի՞նչ է նշանակում նոր պլատֆորման կամ նոր տարածքը: Դա նույն տարածքն է, ուղղակի այդ տարածքը լայնանում է: Ոչ մի նոր բան, ոչ մի լավ բան, ոչ մի տեխնոլոգիա նրանք չեն առաջարկում», - ասում է նա։ Ընդ որում, այս նոր աղբավայրի ստեղծման համար Հայաստանը 16 միլիոն եվրո վարկ է վերցնելու:
Այժմ Նուբարաշենի աղբավայրը զբաղեցնում է 35 հեկտար տարածք: Զառաֆյանի գնահատականներով, աղբավայրի կոշտ թափոնները կարող էին տարեկան 200-300 հազար դոլարի շահույթ ապահովել: