Մատչելիության հղումներ

Ուորլիքը աջակցում է Ռոյսի և Ինգըլի նախաձեռնությանը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Հայ դատի գրասենյակը եզրակացնում է, որ դրանով իսկ նաև Օբամայի վարչակազմն է սատարում կոնգրեսականների կոչին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, արձագանքելով ամերիկացի կոնգրեսականների առաջարկներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի խախտումների կանխմանը, հայտարարել է, որ աջակցում է նախաձեռնությանը:

Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա վստահեցրել է, որ կշարունակեն կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել կարգավորման:

Հիշեցնենք՝ անցյալ ամիս Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը կոնգրեսական գործընկերներին հորդորել էին միանալ Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում ԱՄՆ-ի առաջնորդության վերականգնման երկկուսակցական կոչին:

Կոնգրեսականները նամակ են հասցեագրել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ առաջարկելով երեք քայլից բաղկացած իրենց ծրագիրը: Քայլերից առաջինն է՝ շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին: Բացի այդ, Ռոյսն ու Ինգըլը կոչ են անում ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ-ի դիտորդների քանակը, ինչպես նաև նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը:

Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ այդ համակարգի ներդրումը հնարավորություն կտա ֆիքսել շփման գծի երկայնքով իրականացված բոլոր հարձակումների աղբյուրները:

«Մենք լիովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Ինգըլի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահության կառուցմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և հիմք դնում երկարատև խաղաղության հաստատման համար», - Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ասել է դեսպան Ուորլիքը՝ նշելով, որ համանախագահները կողմերին բարձրաձայնել են բոլոր այդ նախաձեռնությունների մասին և այսուհետ էլ կշարունակեն կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցված կարգավորման:

Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները արդեն իսկ ողջունել են ամերիկացի համանախագահի հայտարարությունը:

«Ուրախ ենք տեսնել, որ Օբամայի վարչակազմը, միանալով կոնգրեսականների նախաձեռնությանը, աջակցում է Լեռնային Ղարաբաղի համար խաղաղարար առաջարկություններին», - մասնավորապես հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները կողմերին դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու կոչեր են ուղղում առնվազն տասը տարի շարունակ: Ամերիկացի կոնգրեսականները օրեր առաջ հրապարակած իրենց նամակում ընդգծում են, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ:

Ամերիկացի օրենսդիրները, հիշեցնենք, Կապիտոլիումում ստորագրահավաք են նախաձեռնել` գործընկերներին կոչ անելով միանալ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ուղղված նամակին, որով նաև ԵԱՀԿ-ին, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանն ու անձամբ Ուորլիքին կոչ են անում զերծ մնալ հայ - ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջև արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված պրակտիկայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG