Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականները փորձում են նպաստել ԼՂ շփման գծում խաղաղության պահպանմանը


Կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ
Կոնգրեսական Էդ Ռոյս, արխիվ

Ներկայացուցիչների պալատում Ջեյմս Ուորլիքին ուղղված նամակ է շրջանառվում, ամերիկացի միջնորդին գրել է նաև Ադամ Շիֆը:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը կոնգրեսական գործընկերներին հորդորում են միանալ Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում ԱՄՆ-ի առաջնորդության վերականգնման երկկուսակցական կոչին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ ամերիկացի երկու օրենսդիրները ներկայումս ստորագրություններ են հավաքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հասցեագրված նամակի տակ, որում կոչ է արվում ԱՄՆ-ին և ԵԱՀԿ-ին՝ հրաժարվել ագրեսիայի ակտերին անդրադառնալիս «կեղծ հավասարակշռություն» պահպանելու իրենց «ձախողված քաղաքականությունից»: Այդ քաղաքականությունը, ըստ նամակի հեղինակների, ոչ միայն չի թուլացրել, այլև մեծացրել է լարվածությունը՝ վտանգավոր աստիճանի հասցնելով այն:

Կոնգրեսականներն առաջարկում են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել երկու կոնգրեսականներին իրենց նախաձեռնության համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ուորլիքին նամակ է հղել նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ հանձնաժողովի ազդեցիկ դեմոկրատ անդամ Ադամ Շիֆը՝ համանման կոչ ուղղելով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին:

Շիֆը զգուշացրել է, որ «այս հակամարտությունում ագրեսորի մասին շիտակորեն խոսելու ցանկացած դժկամություն ուղերձ է հղում Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել»:

«Չեմ կարծում, թե խաղաղությանը նպաստում է Ադրբեջանի ահագնացող մարտնչողականությունն անտեսելը և շփման գծի երկայնքով բռնության համար երկու կողմերին հավասարապես մեղադրելը, երբ դա այդպես չէ», - շեշտել է հայամետ կոնգրեսականը:

Ավելի մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG