Գործադիրը այսօր հանձնարարեց չորս նախարարությունների՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ի պայմանագիրը ու տալ եզրակացություն:
Էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին 2001 թվականին ընդունված օրենքում ամրագրված է, որ առանց կառավարության համաձայնության սեփականատերը չի կարող վաճառել ռազմավարական նշանակություն ունեցող բաշխիչ ցանցերը:
«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ը գրանցված է Կիպրոսում, հիմնադրվել է 2010 թվականին, ընկերության գործունեության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց այս ընկերության վրա, և արդյո՞ք մտավախություն չկա, որ կկրկնվի օֆշորում գրանցված և մինչև այդ անհայտ «Ռայնովիլ» ընկերության պատմությունը, որը գնեց «Նաիրիտը», սակայն կարճ ժամանակ անց քիմիական հսկան կանգնեց կործանման առջև:
Նախարարը պատասխանեց․ - «Բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն: Ես չեմ կարծում, որ նման պատմություն կլինի․․․ Մանրամասն առայժմ չեմ կարող ասել: Մեկ-երկու օրից, ուսումնասիրություններից հետո բոլոր հարցերի մասին մանրամասն տեղեկատվություն կներկայացվի»:
Նախարարը միաժամանակ նշեց, որ ՀԷՑ-ի վաճառքից հետո աուդիտը կշարունակվի, նոր սեփականատերը հավանաբար կստանձնի ընկերության պարտքերն ու պարտավորությունները, իսկ վաճառքի վերաբերյալ կառավարությունը իր եզրակացությունը կտա մեկ շաբաթից:
Ընդ որում, նախարարի խոսքից այսօր հայտնի դարձավ, որ էլեկտրաէներգիայի սակագինը վաճառքից հետո չի փոխվի․ - «Սակագինը այսօր գործում է: Սակագնի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրությունից հետո․․․ Սակագները ո՞նց կարող են վերանայվել, եթե արդեն գործում են նոր սակագները»:
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ նախարարն ասաց, թե չգիտի՝ արդյոք ՀԷՑ-ը գնելու այլ հայտեր եղե՞լ են․ - «Դա ընկերության հետ պիտի ճշտվի»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նույնպես «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչո՞ւ որոշվեց ՀԷՑ-ը վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, և ո՞վ է կիպրոսյան այդ ընկերության սեփականատերը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ գնորդ ընկերությունը դիմի հանձնաժողով՝ էլեկտրաէներգիան կրկին թանկացնելու հայտով, Նազարյանը արձագանքեց․ - «Հեռու գնացող ժամանակաշրջանի համար հարցեր ինձ մի տվեք: Ես այդ հարցին այսօր պատրաստ չեմ պատասխանելու: Մենք ունենք սահմանված սակագին, որը, համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի, վեց ամսից շուտ հնարավոր չէ փոփոխության ենթարկել: Եվ եթե հանկարծ նման բան կլինի, ապա պետք է սահմանված կարգով հայտ ներկայացվի, կուսումնասիրենք և մեր դիրքորոշումը կհայտնենք: Նման անհանգստություն առայժմ ես չեմ տեսնում»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությությունում հրաժարվեցին պատասխանել որևէ հարցի: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը սակավախոս էր․ ասաց, թե առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ, բայց ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց շրջանառվող տեղեկությունը, որ ՀԷՑ-ը գնել է ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը:
«Ազատությունը» հարցում է ուղարկել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերություն՝ խնդրելով հստակեցնել՝ արդյո՞ք նա է ՀԷՑ-ի գնորդը: Պատասխան դեռ չենք ստացել:
Առաջին անգամը չէ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը գնում է օֆշորում գրանցված ընկերություն: 2002-ին 37 միլիոն դոլարով կառավարությունը ցանցերը վաճառեց օֆշորային «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությունը, որը չորս տարի անց մոտ երկու անգամ թանկ՝ 73 միլիոն դոլարով այն վերավաճառեց ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:
«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, իշխանությունների շահերից է բխում, որ ՀԷՑ-ի գնորդը օֆշորային լինի․ - «Հայաստանի իշխանություններին չի հետաքրքրում արդյունավետ աշխատող ցանցեր, որոնք կունենան արդարացի սակագին, կնպաստեն տնտեսության զարգացմանը: Իշխանություններին հետաքրքրում է մի հարց՝ որպեսզի ցանցի ստվերային եկամուտները իրենք շարունակեն վերահսկել»: