Մատչելիության հղումներ

Խորհրդարանում մեկնարկել են մայր օրենքի փոփոխությունների նախագծի թեժ քննարկումները


Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները մինչև մայր օրենքի նախագծի քննարկումները հասցրեցին հունից հանել հանրապետականներին։ Երկու ուժերը, հիշեցնենք, պաշտոնապես միացել են «Ոչ»-ի ճակատին։

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր տեսակետները հնչեցրեց՝ մի շարք խոչընդոտներ հաղթահարելով։ ԱԺ-ի փոխնախագահ Շարմազանովը երկու անգամ անջատեց Փոստանջյանի խոսափողը, գործընկերուհու ելույթներին մշտապես անտարբեր չմնացող Առաքել Մովսիսյանը չխախտեց ավանդույթը՝ մատ թափ տվեց, երբ պատգամավորը Սահմանադրության նախագիծը որակեց «ազգային շահերի հետ կապ չունեցող»։

«Մենք պետք է գնահատական տայինք այս տարիների ընթացքում նրա [Սերժ Սարգսյանի] կատարած գործունեությանը, և նրան պետք է դատական կարգով դատապարտել ազատազրկման, այլ ոչ թե բերել մի նախագիծ, որով երկարաձգվում է նրա պաշտոնավորումը»,- հայտարարեց Փոստանջյանը։

Փոստանջյանը խորհրդարան եկած նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանին ու Հրայր Թովմասյանին անվանեց «Սերժ Սարգսյանի փաստաբաններ», որոնք, ըստ ընդդիմադիր պատգամավորի, քաղաքական հարցերին պատասխանելու հնարավորություն չեն ունենալու։ Խորհրդարանում ուզում էր տեսնել փոփոխությունների նախաձեռնողին՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին։

«Նույնիսկ այն ժամանակ, երբ տեղի է ունենում դատավարություն, առանց ամբաստանյալի դատավարությունը չի կարող ընթանալ, հետևաբար...»,- չկարողացավ խոսքն ավարտել Փոստանջյանը, քանի որ խոսափողն անջատեցին։

«Ի՞նչ ասեմ՝ խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Փոստանջյանի այս հայտարարությանը հետևեցին Հանրապետական խմբակցության պատգամավորներ Արտակ Զաքարյանի ու Արտաշես Գեղամյանի պատասխանները։

«Մեր իրավաբան գործընկերոջը պետք է ուղղակի ԱԺ կանոնակարգ-օրենքը կարդալ, որտեղ 78-րդ հոդվածում հստակ գրված է, որ ԱԺ-ում Սահմանադրության նախագիծը ներկայացնում է հանրապետության նախագահի ներկայացուցիչը»,- ասաց Զաքարյանը։

«ՀԱՊԿ գագաթնաժողովն է ընթանում Դուշանբեում, երկրի անվտանգության համար բացառիկ կարևորության հարցեր են քննարկվում, արհեստականորեն ուզում են այս գործընթացին այսօր այս քննարկմանը միացնել հանրապետության հարգարժան նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին»,- արձագանքեց Գեղամյանը։

ՀԱԿ խմբակցության անդամները պահանջեցին Սահմանադրության նախագծի քննարկումները հեռարձակել Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով։ Այսօր 90-ականները չեն, կա համացանց, Զուրաբյանին հակադարձեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

Հանրապետական պատգամավորները նաև հարկ համարեցին հիշեցնել՝ Հ3-ն է խորհրդարանի նիստերը հեռարձակում։ Հ3-ը, մամուլի հրապարակումների համաձայն, «Օրինաց երկրինն» է։

«Դուք իրականում փորձում եք կազմակերպել դավադրություն ժողովրդի թիկունքում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դուք վախենում եք հասարակական կարծիքից, դուք ուզում եք ինչ-որ բան անել գաղտնի ժողովրդից»,- ասաց Զուրաբյանը։

ԱԺ նախագահը սկզբից ընդդիմացավ Լևոն Զուրաբյանի առաջարկին, ապա օրվա վերջում հայտարարեց՝ որոշել են հեռարձակել։ Հանրային հեռուստատեսության տարածած հաղորդագրության համաձայն՝ ընդունելով Գալուստ Սահակյանի հորդորը, նիստերի հեռարձակումները կկազմակերպեն սեփական խնայողության հաշվին՝ վաղվանից։

Ապա խորհրդարանական ամբիոնին մոտեցավ ու մինչև հայտարարությունների ժամն այնտեղից չհեռացավ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը։ Ասաց՝ թե՛ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած հանրապետության նախագահը, թե՛ դրանք մշակած հանձնաժողովականները ներկայացված նախագիծը չեն համարում դոգմա։

«Պատրաստ են հետագա քննարկումների, որոնք անշուշտ կարող են է՛լ ավելի բարելավել Սահմանադրության նախագիծը»,- հայտարարեց նա։

Վարդան Պողոսյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր՝ ԱԺ-ի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը կամրագրվի ոչ թե Սահմանադրությամբ, այլ Ընտրական օրենսգրքով։ Այդ ճանապարհով գնալու առաջարկ նաև Վենետիկի հանձնաժողովն էր արել։ ԱԺ-ի կայքում տեղադրված նախագծում, սակայն, երկրորդ փուլի անցկացման դրույթը պահպանված է։ Պողոսյանը հավաստիացրեց՝ որոշումը կայացված է, բայց ձևակերպման փոփոխությունը հնարավոր է միայն հետագա փուլերում.- «Երկրորդ փուլի գաղափարը կարող է լինել ֆակուլտատիվ գաղափար»։

Կայուն մեծամասնության ապահովման քննադատներին Պողոսյանն այսօր պատմական էքսկուրսով հակադարձեց.- «Երբ որ պառլամենտում չկա հստակ մեծամասնություն, հանրապետության նախագահը կարող է ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ դերակատարում ունենալ։ Վայմարյան հանրապետության վերջին ճակատագրական տարիներին՝ 1932-33 թվականներին երկրի նախագահը կանցլեր նշանակեց Ադոլֆ Հիտլերին, որը նախորդ Ռայխստագի ընտրությունների ժամանակ ավելի քիչ ձայներ էր հավաքել։ Հանրապետության նախագահի վարքագիծը, իհարկե, հնարավոր չէ կանխորոշել։ Գերմանական շատ հետազոտողներ գտնում են, որ եթե 1933 թվականին Հիտլերը չնշանակվեր կանցլեր, ապա պատմությունը կարող էր լիովին այլ ընթացք ունենալ»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չթաքցրեց՝ սահմանադրական փոփոխությունների քննարկումները կարող են ավարտվել արդեն այս շաբաթ, այդ նպատակով արտահերթ նիստի հրավիրումն էլ չբացառեց։ Ասում է՝ խնդիրը շտապողականությունը չէ.- «Ճիշտ ենք համարում, որ առաջին փուլը միանգամից ավարտենք, որպեսզի ավելի երկար ժամանակ ունենանք առաջարկությունների վրա աշխատելու համար»։

Սահմանադրական հանրաքվեի անցկացման օր չեն շտապում հրապարակել։ Անցկացման հնարավոր ժամկետ նախկինում նոյեմբերն էին նշում, այժմ՝ դեկտեմբերը։

«Եթե նախագահը նպատակահարմար գտնի, ինձ թվում է՝ դեկտեմբերի սկզբներին մենք պատրաստ կլինենք հանրաքվեի։ Եթե Ազգային ժողովը տա իր դրական կարծիքը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG