Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի երկու տարբերակ է քննարկում


«Ոչ»-ի ճակատի համաժողովը
«Ոչ»-ի ճակատի համաժողովը

Միասնական փաստաթղթի ստորագրումից հետո «Ոչ»-ի ճակատը մշակում է սահմանադրական փոփոխությունները տապալելու ծրագրերը:

«Չե'ք անցկացնի» նախաձեռնությունը, որը միասնական «Ոչ»-ի շուրջ է միավորել քաղաքական ու հասարակական ուժերին, այժմ պայքարի երկու տարբերակ է քննարկում։ Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տարբերակներից մեկով Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը պետք է տապալեն մինչ հանրաքվեն՝ փողոցային պայքարի միջոցով․ - «Ցույցին ենք նախապատրաստվում Գյումրիում ու նաև փորձելու ենք ցույցեր կազմակերպել Ազգային ժողովի դիմաց, որը ևս շատ կարևոր է»:

Երկրորդ տարբերակով էլ «Ոչ» ասող ուժերը պետք է հանրաքվեի գործընթացին մասնակցեն և հիմնավորեն իրենց դիրքորոշումը։ Այս նպատակով արդեն 20 իրավաբաններից կազմված խումբ է ստեղծվել, որը «Ոչ»-ի հիմնավորման փաստաթուղթ է ստեղծելու։ Բացի «Ոչ» քարոզելուց, նաև հսկելու են հանրաքվեի ընթացքը: Այդ նպատակով ստեղծվելիք դիտորդական խումբը փորձելու է կանխել հնարավոր խախտումները։

«Կփորձենք բոլոր ընտրատեղամասերը վերահսկել: Մի քիչ ամբիցիոզ ծրագիր է դա, բայց մենք քննարկում ենք, դա մեր օրակարգում է: Պատկերացնում ենք, որ պետք է մոտավոր ունենանք 4000 դիտորդ», - ասում է Գրիգորյանը:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողները պնդում են, որ արդեն խոչընդոտների են հանդիպում, օրինակ՝ «Ոչ»-ի համաժողովի համար հյուրանոցները հրաժարվում էին դահլիճ տրամադրել: Այդ ամենի մասին նրանք պատրաստվում են նամակ գրել Վենետիկի հանձնաժողով։

Հետագա պայքարի համար փորձում են ֆինանսական ռեսուրսներ գտնել։ Արմեն Գրիգորյանը վստահ է՝ եթե լավ աշխատեն, հանրությունը պատրաստ է պայքարի։

«Ոչ»-ի ճակատի շատ ուժեր կարծում են, որ այս պայքարի ընթացքում պետք է նաև իշխանությունների հրաժարականը պահանջել։ Գրիգորյանը ասաց, որ իրենք էլ են կողմ դրան, բայց հարցը դեռ պետք է բոլորի հետ քննարկեն․ - «Ոչ միայն Սահմանադրության հարցն է քննարկվելու, այլ նաև քննարկվելու է՝ այս իշխանությունը ինչ է արել այս վերջին տարիներին, որ մի հատ էլ Սահմանադրություն է փորձում փոխել»:

«Ոչ»-ի ճամբարը պատրաստ է նոր ուժեր ընդունել իր շարքերը։ Եթե իրենց միանալու ցանկություն հայտնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա միայն մյուս ուժերի հետ քննարկելուց հետո որոշում կկայացնեն, քանի որ հարցը նուրբ է և կարող է պառակտել շարժումը։

«Այս պահին ես չեմ տեսնում՝ ինքը ինչ-որ քայլեր ձեռնարկելու է, թե չի ձեռնարկելու», - մեկնաբանեց Գրիգորյանը:

«Ոչ»-ի կողմնակից է նաև Քոչարյանի մտերիմ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Արմեն Գրիգորյանը պատմեց, որ վերջերս նրա հետ անձամբ է հանդիպել: Օսկանյանը հիմա կուսակցություն ստեղծելու աշխատանքով է զբաղված և ճակատին միանալու մասին բան չի ասել։ «Ոչ»-ի ճակատին է միացել նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը։

Այսօր էլ հերթական հանդիպումն էր անցկացնում «Ոչ» ասող մյուս ճամբարը՝ «Միասնական հանրային փրկության ճակատը»։ Այստեղ ընդգրկված ուժերը հիմնականում մասնակցում են նաև «Ոչ»-ի ճամբարի աշխատանքներին։ Փակ խորհրդակցությանը մասնակցած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ «Ոչ» ասող բոլոր ուժերը պետք է միավորվեն:

«Հույս ունեմ, որ այդ միասնականությունը կապահովվի: Ես կարծում եմ՝ հենց այդ ուղղությամբ էլ ընթանում ենք», - մասնավորապես, ասաց Արմեն Մարտիրոսյանը:

XS
SM
MD
LG