Մատչելիության հղումներ

Շահումյանցի ընտանիքի երեխաները դպրոց գնալու հնարավորություն չունեն


Շահումյանցի անապահով ընտանիքի երկու դպրոցահասակ երեխաներն այս տարի էլ դպրոց չեն գնա
Շահումյանցի անապահով ընտանիքի երկու դպրոցահասակ երեխաներն այս տարի էլ դպրոց չեն գնա

Կրթության նախարարությունը, մինչդեռ, վստահեցնում է՝ գիրք կամ հագուստ չունենալու պատճառով այսօր ոչ մի երեխա դպրոցից դուրս չի մնում։

Արարատի մարզի Շահումյան գյուղում բնակվող Ոսկանյանների ընտանիքում հինգ երեխա կա, որոնցից երկուսը՝ դպրոցահասակ: Բայց նրանք սեպտեմբերի մեկին չեն նախապատրաստվում։ Արդեն երեք տարի է 9-ամյա Վալենտինան դպրոց չի գնում։ Դպրոցի մասին շատ բան չգիտի, մեծերից միայն լսել է, որ հագուստ ու գրքեր չունի։

Դպրոց չհաճախելու նույն պատճառն է նշում նաև ավագ քույրը՝ 12-ամյա Ալլան, ով անցած ուսումնական տարում մի քանի օր է միայն դպրոց գնացել․ «Հագուստ չունեմ, դրա համար էլ չեմ կարա գնամ»:

Տարիներ առաջ նրանց մայրը հեռացել է ընտանիքից: Այս մասին տան մեծերը չեն ուզում խոսել։ Երեք անչափահասների խնամքով հիմա տատն է զբաղվում։ Պատմում է, որ դպրոցից մեկ անգամ են միայն հետաքրքրվել, թե երեխաներն ինչու չեն հաճախում։

«Դե իրանց ֆինանս ու շոր չունեն, կոշիկ չունեն, էդ բոլորը փող ա, հիմա ես ո՞նց առնեմ, բոլորն էլ թանկ են։ Հետագայում ինձ կասեն՝ ինչի՞ դպրոց չես ուղարկել, շատ բաներ կան էլի»,-ասում է երեխաների տատը:

Երկու տարի է անչափահաս երեխաները նաև նպաստ չեն ստանում։ Ժամանակին այս հարցով մայրն էր զբաղվում։ Հիմա տարեց կինը չգիտի՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և դրանք ուր պետք է տանի։ «Ստիպված ուրիշի կովն եմ կթում երեխաներին կերակրելու համար»,-ասում է 71-ամյա թոշակառուն և հավելում․ «ես իմ թոշակով իմիջայլոց պահում եմ, մի օր լավ, մի օր վատ, 36.000 եմ ստանում, մենակ տան լույսի համար 20.000 պարտք եմ»։

Ընտանիքի հայրը գյուղի հովիվն է, սեփական անասուններ չունեն, հարևաններինն է արածացնելու տանում։ Օրվա հացի կարոտ ընտանիքում երեխաներին դպրոց ուղարկելու հարցը հազվադեպ է քննարկվում։ Հարևանները գիտեն, բայց իրենք էլ շատ բանով օգնել չեն կարողանում։

«Երեխա են, մեծանում են, անգրագետ, հիմիկվա դարում անգրագետ երեխա չկա, բայց էդ երեխեքը տենց են, կիսատ-պռատ դպրոց գնալով, 9 տարեկան ա՝ հլը դպրոց չի գանցել, հարց ես տալիս, չի կարում պատասխանի, պիտի դպրոց գնա, որ կարողանա հարցի պատասխանի։ Մեղք չէ՞ էդ երեխան։ Տեսնում ա, որ երեխեքը պայուսակներով գնում են դպրոց, ինքը վիզը ծռած նայում ա»,-ասում է հարևաններից մեկը:

Կրթության նախարարությունում, մինչդեռ, վստահ են՝ գիրք կամ հագուստ չունենալու պատճառով ոչ մի երեխա դպրոցից դուրս չի մնում։ Համենայն դեպս, «Ազատության» հետ զրույցում այդպես պնդեց նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ պարբերաբար տեղեկատվություն են ստանում մարզպետարաններից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունում են՝ ոլորտում վերահսկողության մեխանիզմներ չկան, խնդրով միայն տարածքային մարմիններն են զբաղվում, ինչը բավարար չէ։ Առաջարկում են, որ տեղերում սոցիալական աշխատողներ լինեն՝ իրավիճակը վերահսկելու համար։

«Դպրոցը, տեղական ինքնակառավարումը, սոցիալական աշխատողը, պոլիկլինիկան և ոստիկանությունը պիտի համատեղ ջանքեր գործադրեն՝ պարզելու երեխայի հանրակրթությունից դուրս մնալու հարցերը, խնդիրները, պատճառները և համատեղ լուծումներ գտնեն»,- ասում է նախարարության սոցիալական հարցերի վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Մինչ կառավարությունում օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր են մշակում, Շահումյանում բնակվող երկու քույրերն այս սեպտեմբերի 1-ին էլ տանը կմնան։ Ընդ որում, պաշտոնյաները նշում են՝ այսօր հստակ չէ, թե Հայաստանում նրանց նման քանի երեխա դպրոց չի հաճախում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG