Մատչելիության հղումներ

300 բյուրեղավանցիներ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել


300 բյուրեղավանցիներ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Բյուրեղավանում աշխատող միակ խոշոր գործարանը՝ շշերի և ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը 4 ամիս է՝ աշխատավարձ չի վճարում: 300-ից ավելի աշխատակիցները հոգնել են այսօր-վաղը խոստումներից, և այսօր գործարանի դռների մոտ բողոքի ցույց էին կազմակերպել:

«Ես իմ քրտինքն եմ ուզում, իմ աշխատանքը, իմ փողը, ձեր փողը չեմ ուզում», - ասաց գործարանի աշխատակից Կարինե Թովմասյանը:

«Չգիտեմ որտեղից պարտք ենք անում, որ լույսի վարձ, գազի վարձ մուծենք, իսկ ոչ մեկ չի ուզում հասկանա բանվորի ապրելակերպը», - ընդգծեց գործարանում որպես օպերատոր աշխատող Սերգեյ Կարապետյանը:

Ընկերությունը չի մանրամասնում՝ որն է աշխատավարձն ուշացնելու պատճառը: Կոմերցիոն տնօրեն Հակոբ Ազատյանը միայն նշում է, թե ավելի քան տասը տարի աշխատող գործարանը հիմա ֆինանսական դժվարություններ ունի: Աշխատակիցների պահանջներին ի պատասխան տնօրենն ընդամենը խոստացավ՝ առաջիկա ժամերին կվճարեն աշխատավարձի մի մասը, ընդ որում՝ առաջին հերթին՝ կանանց․ - «Որքանի մասով՝ կխոսենք, բայց այսօրվանից սկսում ենք վճարումները»:

Բորբոքված կրքերը հանդարտեցնելու եկավ քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Տնօրինության հետ բանակցություններից հետո խոստացավ՝ գործարանը աշխատավարձի պարտքը կփակի մինչև այս ամսվա վերջ: Բյուրեղավանցիները, սակայն, պնդում էին՝ սպասել չեն կարող, խանութներին հսկայական պարտքեր են կուտակել:

«Գոնե աշխատում ենք, կոպեկ ա՝ ստանում ենք: Հաց ես ուտում, տուն ա, երեխա ա, թոռ ա․․․ Էդ մարդիկ չեն մտածում, որ մենք էլ ենք հաց ուտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարանում որպես ֆրեզերագործ աշխատող Հայասեր Բաղդասարյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից փաստում են՝ Հայաստանում աշխատողները պաշտպանված չեն նման իրավիճակներից: Չկա որևէ մարմին, որը կվերահսկի գործատուներին, աշխատավարձ չվճարելու համար պատասխանատվություն չի նախատեսում նաև Աշխատանքային օրենսգիրքը: Քաղաքացիները իրենց իրավունքները կարող են վերականգնել միայն դատարան դիմելով:

«Մեկնաբանությունը թողնենք մի կողմ, կենտրոնանանք այն բանի վրա, որ մեզ անհրաժեշտ է այսօր ունենալ պետական մարմին․․․ Աշխատաշուկայում պահանջարկի ու առաջարկի տարբերությունները հնարավորություն են տալիս կազմակերպություններին խախտումներ անել: Հաշվի առնելով դա՝ անհրաժեշտ է Հայաստանում նման մարմին ունենալ, որը հստակ վերահսկողություն կիրականացնի ու կտուգանի այն կազմակերպություններին, որոնք, օրինակ, 4 ամիս չեն վճարում աշխատավարձը», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծական վարչության պետ Լուսինե Սարգսյանը :

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, իր հերթին, չարդարացնելով հարյուրավոր մարդկանց առանց աշխատավարձի ամիսներ շարունակ աշխատեցնելը, նշում է, որ այսօր Հայաստանում ձեռնարկությունները լուրջ ֆինանսական խնդիրների առջև են կանգնած, քանի որ բազմաթիվ ընկերություններ արտադրանքը Ռուսաստան էին արտահանում, սակայն հիմա ռուբլու արժեզրկման պատճառով մեծ վնասներ են կրում:

«Իհարկե սա օրենքի խախտում է, բայց ձեռնարկության վիճակի մեջ էլ պիտի մտնեք․ հիմա ի՞նչ անի, որ խախտում է: Ինքը երկու ճանապարհ ունի․ կամ պիտի ժամանակավորապես տուն ուղարկի բոլորին, որ փորձի գումարի որոշակի մասը ռեզերվացնի, կամ պիտի կրճատում իրականացնի, կամ պիտի գնա թանկ տոկոսով վարկ վերցնի, որը ռիսկային է իր համար: Դրա համար ինքը ստիպված գնացել է էդ ճանապարհով», - «Ազատության»-ը փոխանցեց Գագիկ Մակարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG