Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստանը» հրաժարականի պահանջը հանձնեց ՀԾԿ հանձնաժողովին


«Ոտքի՛, Հայաստանը» հրաժարականի պահանջը հանձնեց ՀԾԿ հանձնաժողովին
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» շարժման մի քանի անդամներ այսօր երթով հասան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` հրաժարականի գրավոր պահանջն անձամբ հասցեատերերին հանձնելու համար։

«Իրենց անգործության կամ թերի մասնագիտական գործունեության պատճառով ժողովրդին այն վիճակին են հասցրել, որ դրդել են դուրս գալ փողոց և Հայաստանում ստեղծել քաղաքացիական պատերազմի իրավիճակ»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը։

Շարժման ակտիվիստների պնդմամբ՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը տարիներ շարունակ առանց լուրջ ուսումնասիրություններ կատարելու մի քանի անգամ բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած հայտերն ու թանկացրել էլեկտրաէներգիան։

«ՀԷՑ-ը 3-4 տարի աշխատել է վնասով, մեծ պարտքեր կուտակել և դրան ի պատասխան՝ հանձնաժողովը ընդամենը սակագին էր բարձրացրել, ոչ մի ստուգում, խորքային վերլուծություն չէր արել»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Ընդամենը օրեր առաջ ուժի մեջ մտած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 6.93 դրամով։ 2009-2015թթ․ ընթացքում սա արդեն չորրորդ թանկացումն էր, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը աճել է 95.1 տոկոսով՝ 25 դրամից հասնելով 48.78 դրամի, իսկ գիշերայինը՝ 223.1 տոկոսով՝ 12 դրամի փոխարեն 38.78 դրամ:

Թեև այս տարվա թանկացումը մինչ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի ավարտը կսուբսիդավորի կառավարությունը, «Ոտքի՛, Հայաստան»-ի անդամները վստահ են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականի իրենց պահանջը տեղին է, և դրան մեծ թվով քաղաքացիներ կմիանան։ Այդ նպատակով Հանրապետության հրապարակում այսօր երեկոյան ստորագրահավաք կմեկնարկի։

Ակտիվիստների պնդմամբ՝ ՀԷՑ-ում թալան է, և այն կշարունակվի, քանի դեռ սեփականատերը ռուսական ընկերությունն է։ Կորուստներից ու կոռուպցիոն ռիսկերից ապահովագրվելու համար «Ոտքի՛, Հայաստանը»-ը պահանջում է նաև ազգայնացնել ՀԷՑ-ը, սեփականատեր դարձնելով ՀՀ քաղաքացիներին։

«Ժողովուրդը արդեն հնարավորություն կունենա ստուգումներ իրականացնելու, վերահսկողություն սահմանելու ՀԷՑ-ի կառավարման նկատմամբ, և, ինչու չէ, այդ բաժնետոմսերից ստացված եկամուտները կմնան մարդկանց։ Այսինքն՝ մենք համարում ենք դա օպտիմալ տարբերակ»,- նշեց Դավիթ Հովհաննիսյանը։

Այսօր քաղաքացիական անհնազանդության կամ բողոքի այլ ակցիաներ ակտիվիստները չեն նախատեսել։ Հանրապետության հրապարակում կշարունակեն նստացույցը մինչ օգոստոսի 11-ի հանրահավաքը։

XS
SM
MD
LG