«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը Վանաձորից հետո այսօր Գյումրիում էր:
Թատերական հրապարակում նրանց միացան մի քանի գյումրեցիներ ու ոտքով իրազեկման երթ անցկացրին:
Հիմնական պահանջը մեկն է՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: «Հայաստանի էլեկտրական ցանցերում» անցկացվելիք աուդիտը աչքկապոցի է ու սուտ, ասում էին ու կոչ անում գյումրեցիներին միանալ ու պահանջել էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկում: Սակայն անցորդներից ոչ ոք այդպես էլ չմիացավ:
«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանն ասում է, որ իրենց չի հիասթափեցնի այն, որ մարդիկ քիչ են, միևնույն է՝ իրենք պատրաստ են մինչև վերջ գնալ:
«Մեր նպատակը չէ ժողովրդին ստիպել, տարբեր խորամանկություններով տանից հանել։ Մենք ուղղակի իրազեկում ենք, որ Հայաստանում կա նման խնդիր, փորձում ենք ասել, որ սա վերաբերում է բոլորին։ Մենք ասում ենք, որ կազմակերպված փորձում ենք այս հարցը տանել առաջ, կուսակցությունների ուղղորդումներ չունենք, կապ չունենք որևէ մեկի հետ, ուղղակի քաղաքացիներ ենք, ովքեր այս հարցի շուրջ համախմբվել են»,- ասաց Հովհաննիսյանը։
Գյումրիից նախաձեռնության անդամները կուղևորվեն դեպի Թալին: Վաղը այս ժամերին նրանք երթ կանցկացնեն Թալինում, հաջորդ օրն՝ Աշտարակում, ու կհասնեն Երևան: Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ Երևանում նրանց արդեն շատերն են միանալու:
«Շարունակելու ենք երթը՝ ըստ մեր ժամանակացույցի։ Մենք հույս ունենք, որ կհաջողվի մոբիլիզացնել հասարակությանը, այս հարցը վերաբերում է բոլորին՝ առանց բացառության, և մենք հույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ իրենց խաբում են, իրենց լղոզված ինֆորմացիա են տրամադրում աուդիտի, սուբսիդավորման մասին։ Մենք ժողովրդին իրազեկում ենք, որ սա խաբեության ճանապարհ է»,- ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ Թատերական հրապարակում ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ կային, ովքեր երթի ընթացքում ուղեկցեցին նախաձեռնության անդամներին: