Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյան. «Քաղաքացիների մասնակցությունը ստեղծելու է ճգնաժամ ոստիկանության համար»


Անդրիաս Ղուկասյան. «Քաղաքացիների մասնակցությունը ստեղծելու է ճգնաժամ ոստիկանության համար»
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

«Ոտքի՛, Հայաստան»-ն այսօր երեկոյան նոր անակնկալներ է մշակել՝ քաղաքացիական անհնազանդության տեսքով։

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությանը Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց անցկացնել առայժմ չի հաջողվում։ Մի քանի տասնյակ ցուցարարներ գիշերը ստիպված լուսացրել են հրապարակին հարակից տարածքում, իսկ այսօր երեկոյան նոր անակնկալներ են մշակել՝ քաղաքացիական անհնազանդության տեսքով։

«Քաղաքացիների մասնակցությունը ստեղծելու է ճգնաժամ ոստիկանության համար։ Ստիպված են լինելու այստեղ ավելի շատ ուժեր կուտակել և ինչ-որ մի պահի համոզվելու են, որ ընդունած ռազմավարությունը սխալ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը։

Ոստիկանությունը շարունակում է պնդել՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց թույլ չեն տալու։ Չնայած շոգ եղանակին, ոստիկանները շղթա կազմած շուրջօրյա հերթապահում են՝ փակելով կենտրոն տանող ուղիները։ Նախաձեռնության անդամների հաշվարկներով, երեկ 30 հոգանոց ակցիան հսկել են 1000-ից ավելի ոստիկաններ։

«Մեծ քարոզ է ծավալվում երկրում, բացահայտ և ոչ բացահայտ, որ մեռել է շարժումը։ Բայց այս արձագանքը, որ մենք տեսանք, վկայում է, որ իշխանություններն այլ կերպ են նայում այս հարցին։ Հասկանում են, որ ցանկացած փոքր ակցիա կարող է շատ արագ վերածվել ավելի մեծ ինչ-որ բողոքի, և, բնականաբար, իրենց գործողություններն այդ առումով համաչափ են վտանգին, որոնք որ իրենք տեսնում են», - ասաց Ղուկասյանը։

Երեկ հրապարակին հարակից փողոցների լուսացույցով չկարգավորվող հետիոտնային անցումներում անդադար քայլելով՝ ցուցարարները տևական ժամանակ լուրջ խոչընդոտ էին ստեղծել երթևեկության համար՝ խցանելով փողոցները։

«Մեր ակցիան որոշակի արդյունք տվեց, շատ մարդ իրազեկվեց. մենք ուղղակի ավտոբուսներին, մեքենաներին մոտենում էինք, ասում էինք, թե ինչի համար ենք մենք այստեղ», - ասաց նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Սանասարյանը։

Կհաջողվի նախաձեռնությանը հասնել հրապարակի կենտրոն, թե՝ ոչ, միևնույն է, «Ոտքի՛, Հայաստան»-ը հինգշաբթի օրվանից շուտ չի դադարեցնի բողոքի ակցիան։

«Հինգշաբթի օրը պետք է կառավարությունը իր որոշումը կայացնի՝ ինչպես է փոխհատուցելու սակագնի բարձրացման այդ հարցը, դա կարող է իրադարձային հիմք դառնալ, որպեսզի բողոքն ավելի զանգվածային լինի», - ասաց Ղուկասյանը։

Այսօրվա ակցիան կմեկնարկի երեկոյան 18։00-ին։ Հրապարակին հարակից տարածքում արդեն փակցվել են «Ոտքի՛, Հայաստան»-ի մեծ պաստառները, նախաձեռնության անդամները չեն բացառում, որ ելույթների համար կտեղադրեն նաև բարձրախոսներ։

Նախաձեռնության հիմնական պահանջն այս պահին շարունակում է մնալ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG