Մատչելիության հղումներ

Շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել․ ԼՂ ՊԲ


Շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել․ ԼՂ ՊԲ
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է այցելել սահմանագոտի՝ հարավ-արևմտյան՝ Նախիջևանի ուղղությամբ:

Երեկ շփման գծում ողջ օրվա լարվածությունից հետո գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, «Ազատության»-ը հաղորդեց Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, հավելելով՝ պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Հասրաթյանը չի շտապում համեմատել սահմանին անցյալ տարվա հուլիս-օգոստոսի լարվածությունը վերջին մեկ շաբաթվա ահագնացած կրակոցների հետ՝ ընդգծելով, որ անցյալ տարի հրադադարի ռեժիմի խախտումներն ուղեկցվում էին նաև դիվերսիաներով, սակայն «այս պահի դրությամբ նման բան չկա»:

«Ադրբեջանն անընդհատ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ պատերազմական գործողությունները դեռ ավարտված չեն, որ Ադրբեջանը մարտադաշտում դեռ ասելիք ունի», - ասաց Սենոր Հասրաթյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակը «բոլոր ոտնձգություններին պատասխանելու է անհամարժեք և շատ խիստ»:

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից Ասկերանի և Մարտունու ուղղությամբ էր կրակ բացել:

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է այցելել սահմանագոտու հարավ-արևմտյան զորամասերը՝ Նախիջևանի ուղղությամբ:

Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վերջին չորս օրերին լարվածություն նկատվում է նաև Հայաստանի սահմաններին, սակայն հրադադարի ռեժիմի խախտումները Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ավելի շատ են:

«Ընդհանուր առմամբ, ողջ սահմանագոտու երկայնքով վերջին օրերին որոշակիորեն շատացել են կրակոցները, բայց դա համեմատել Արցախի երեկվա տված հաղորդագրության հետ չի կարելի», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց պատասխանել հարցին, թե արդյո՞ք Սեյրան Օհանյանի այցը սահմանային լարվածությամբ էր պայմանավորված:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումները կապված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունների հետ, ըստ որոնց՝ պետք է վերականգնել կանոնավոր բանակցային գործընթացը և հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորման: Սաֆարյանի կարծիքով, սահմանին լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը փորձում է խափանել բանակցային գործընթացը:

«Եվ հասկանանք, որ մի քանի հանգամանք կա, որոնք Ադրբեջանի սրտով չեն: Նախ՝ սեղանին դրված տարբերակները: Ուորլիքը, երբ շոշափում է կարգավորման այդ տարբերակի մասին և նշում է, որ բոլոր դետալները պետք է քննարկվեն համալիր և համապարփակ, հասկանանք, որ սա բացարձակապես ընդունելի չէ Ադրբեջանի համար, որի ղեկավարը արդեն բարձրացրել է և՛ հասարակության, և՛ իր ախորժակը, հետևաբար չի կարող թույլ տալ, որ քննարկումները շարունակվեն այդ տարբերակների շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում էին: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտման՝ «որպես այդ համապարփակ կարգավորման մի մաս»:

Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը պարզապես շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը և նման քայլերով փորձելու է հասնել բանակցային գործընթացի պայմանների փոփոխման:

«Ալիևը ցանկանում է իր այս անհնազանդության քայլերով ուղղակի պարտադրել նրանց, որպեսզի նրանք բավարարեն իր քմահաճույքները՝ փոխեն պայմանները», - ասաց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG