Մատչելիության հղումներ

Ջեյմս Ուորլիք․ Հակամարտության համապարփակ լուծումն անհնարին է առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման


Ջեյմս Ուորլիք․ Հակամարտության համապարփակ լուծումն անհնարին է առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել՝ եթե դրանում ներառված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ համապարփակ կարգավորումը «ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես այդ համապարփակ կարգավորման մի մաս»:

Համապարփակ կարգավորման տարրերից մեկը, ըստ Ուորլիքի, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը․ - «Սա կետերից մեկն է, ու բանակցությունների տարր»:

Ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին օրերս տված հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը, ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք մինչև հակամարտությունը չէին մտնում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի մեջ, պատասխանել էր, թե այս տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ համալիր կարգավորման շրջանակում․ - «Այստեղ հարկավոր է չկենտրոնանալ մեկ տարրի, կամ մեկ սկզբունքի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան և այլ գործոններ: Ուստի մենք միշտ խոսում ենք համալիր կարգավորման մասին»:

«Ստեփանակերտի իշխանությունների ձայնը պետք է տեղ գտնի կարգավորման մեջ»

Այսօր ասուլիսում ամերիկացի դիվանագետը ընդգծեց․ - «Չեմ կենտրոնացել միայն տարածքների վերադարձի հարցի ուղղությամբ: Դա համապարփակ կարգավորման տարրերից մեկն է»:

«Համապարփակ կարգավորումը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց սա միակ տարրը չէ: Ասացի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը նույնպես պետք է կարգավորման կենտրոնում լինի, որպեսզի համապարփակ կարգավորում լինի: Այլ հարցերը նույնպես՝ փախստականներ, անվտանգության երաշխիքներ, սրանք բոլորը համապարփակ կարգավորման տարրերից են: Նաև կցանկանայի ձեզ հիշեցնել, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ուժ չկիրառելու պարտավորություն ստանձնեն: Մենք պետք է կնքենք իրական խաղաղություն՝ եթե այն լինելու է համապարփակ կարգավորում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր կերպով այցելում են Լեռնային Ղարաբաղ և երբ մեկնում ենք՝ հանդիպում ենք Ստեփանակերտի փաստացի իշխանությունների հետ, և նրանց ձայնը պետք է տեղ գտնի համապարփակ կարգավորման մեջ»:

Մինսկի խմբի համանախագահը փոխանցեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման նպատակով հնարավոր հանրաքվեի անցկացման ժամկետները և խաղաղապահների հնարավոր տեղակայման վայրերը պետք է հստակեցվեն բանակցությունների ժամանակ:

Ուորլիք․ Հայաստանը տարածքներ չի վերադարձնի՝ առանց անվտանգության երաշխիքների

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն այսօր ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց․ - «Հստակ է, որ Հայաստանը չի պատրաստվում տարածք վերադարձնել՝ առանց անվտանգության համապատասխան երաշխիքների: Ուստի, նշել եմ ավտանգության երաշիքների մասին, ներառյալ՝ միջազգային խաղաղապահ ուժերի»:

XS
SM
MD
LG