Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Սրեբրենիցայի կոտորածի 20-րդ տարելիցը


Այսօր լրանում է Սրեբրենիցայի կոտորածի 20-րդ տարելիցը
please wait

No media source currently available

0:00 0:01:08 0:00

Հիշատակի միջոցառման մասնակիցները քարեր և շշեր են նետել Սերբիայի վարչապետի ուղղությամբ: Նա ստիպված է եղել փախչել, իսկ սերբական պատվիրակության անդամները՝ թաքնվել իրենց մեքենաներում:

Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր մասնակցել են Սրեբրենիցայի զանգվածային կոտորածների 20-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառումներին:

1995-ին սերբ գեներալ Ռատկո Մլադիչը լայնամասշտաբ հարձակում սկսեց Սրեբրենիցայի վրա, հուլիսի 11-ին քաղաքն ընկավ, ինչից հետո սպանվեցին շուրջ 8 հազար մահմեդական տղամարդիկ և տղաներ:

Սրեբրենիցայի կոտորածների հիշատակի միջոցառումներին մասնակցել են տասնյակ պաշտոնյաներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Այսօր միջոցառմանը մասնակցող քաղաքացիները քարեր և շշեր են նետել Սերբիայի վարչապետ Վուչիչի ուղղությամբ: Նա ստիպված է եղել փախչել, իսկ սերբական պատվիրակության անդամները՝ թաքնվել իրենց մեքենաներում: Սերբիայի ներքին գործերի նախարարը տեղի ունեցածը որակել է որպես մահափորձ վարչապետի դեմ: France-Presse-ի հաղորդմամբ, ներկաները նաև սուլել են, երբ Սերբիայի վարչապետը ցավակցությունների գրքում գրառում է կատարել:

Սակայն Վուչիչին դիմավորել են Սրեբրենիցայի զոհերի ընտանիքների անդամները, որոնցից մեկը գրկախառնվել է նրա հետ, մյուսը՝ խորհրդանշական ծաղիկ ամրացրել կրծքին:

Այսօրվա հայտարարությամբ Վուչիչը 1995-ի իրադարձությունները կոչել է «հրեշավոր հանցագործություն»:

«Սերբիան հստակ և աներկբա դատապարտում է այդ սարսափելի հանցագործությունը և իր արգահատանքն է արտահայտում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակցել են դրան», - հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը:

Հիշեցնենք, որ Սերբիան հրաժարվում է բոսնիացի սերբերի իրականացրած կոտորածը ցեղասպանություն կոչել, իսկ օրերս Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ողջունեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սրեբրենիցայի իրադարձությունները ցեղասպանություն որակող բանաձևի վերաբերյալ Ռուսաստանի վետոն: ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը 2007-ին Սրեբենիցայի կոտորածները ճանաչել է որպես ցեղասպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG