Ռուսաստանը երեկ վետո է դրել 1995 թվականին Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների սպանությունները դատապարտող և որպես ցեղասպանություն որակող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) բանաձևի նախագծի ընդունման վրա։
Անվտանգության խորհրդի նիստից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը կսրեր իրավիճակը Բալկաններում:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, մինչդեռ, ասել է, թե «Ռուսաստանի վետոն կոտրեց այդ ընտանիքների սրտերը, և սա ևս մեկ բիծ է այս Խորհրդի պատմության մեջ»:
Բանաձևի ընդունմանը ընդդիմացող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն էլ հայտարարել է, որ «սա մեծ օր է իր երկրի համար»:
20 տարի առաջ սերբ գեներալ Ռատկո Մլադիչը լայնամասշտաբ հարձակում սկսեց Սրեբրենիցայի վրա, հուլիսի 11-ին քաղաքն ընկավ, ինչից հետո սպանվեցին շուրջ 8 հազար մահմեդական տղամարդիկ և տղաներ: