Մատչելիության հղումներ

Եվրոպան Հունաստանի պարտքերը չի ներելու


Եվրոպայում բավականին կոշտ խոսքերով են գնահատել Հունաստանում անցած հանրաքվեի արդյունքները և հայտարարել, որ պարտքի և ոչ մի եվրո չեն ներելու:

Եվրոպան Հունաստանին եվրոյի գոտուց դուրս չի հրավիրելու, սակայն Հունաստանի պարտքերն էլ ներել չի պատրաստվում, հայտարարել են եվրոյի գոտու անդամ մյուս 18 երկրների պաշտոնյաները Հունաստանի հանրաքվեի արդյունքների մասին տեղեկանալուց հետո:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Ըրնեսթը նշել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որպեսզի Հունաստանը մնա եվրոյի գոտու անդամ և վերականգնի տնտեսական ներուժը, ինչի համար անհրաժեշտ է համաձայնել բարեփոխումների առաջարկվող փաթեթին: «Սա է համաձայնության հասնելու միակ ճանապարհը, որը բոլորի շահերից է բխում», - ասել է նա:

Հիշեցնենք՝ հանրաքվեի մասնակիցների մեծ մասը եվրոյի գոտու անդամ մյուս պետությունների առջև պարտքերը մարելու նպատակով Հունաստանի ներսում ծանր տնտեսական միջոցների կիրառման դեմ արտահայտվեցին: Հույների կարծիքով՝ իրենք արդեն բավականաչափ զոհողությունների են գնացել հանուն Եվրամիության:

Մեկնաբանելով հանրաքվեի արդյունքները՝ Գերմանիայի փոխկանցլեր Սիգմար Գեբրիելը հույս է հայտնել, որ Հունաստանի կառավարությունը բանակցային սեղանի մոտ կվերադառնա պարտատերերի հետ: «Հուսով եմ՝ Հունաստանի կառավարությունը հասկանում է, որ եվրոյի գոտու մյուս 18 երկրներն առանց որևէ բացառության չեն կարող համաձայնել պարտքի ներմանը, քանի որ դա սխալ կընկալվեր մյուս անդամ պետությունների կողմից և եվրոյի գոտու փլուզում կնշանակեր», - ասել է փոխկանցլերը:

Բելգիայի ֆինանսների նախարար Ջոն Վան Օվերթվելդը նշել է, որ եվրոյի գոտում ոչ ոք չի ցանկանում հասնել «Գրեքզիթ»-ի (Grexit) ինչպես արդեն անվանել են Հունաստանի հնարավոր դուրս գալը գոտուց: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ եվրոյի գոտու մյուս երկրներն այլևս որևէ առաջարկ հույների համար չունեն: «Այժմ ժամանակն է, որ Հունաստանի կառավարությունն ինքն ասի, թե ինչ է ցանկանում», - նշել է Օվերթվելդը:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենը համաձայնել է գործընկերների հետ, ավելացնելով, որ եվրոյի գոտու համար եղածը հաղթահարելի դժվարություն է, մինչդեռ Հունաստանի համար՝ լուրջ ճգնաժամ․ - «Հենց Հունաստանն է դժվարությունների առջև հայտնվել, հենց Հունաստանն է այսօր ծայրաստիճան բարդ ճգնաժամի մեջ, որը կարող է ավելի խորանալ»:

Չնայած եվրոպացի գործընկերների խիստ մեկնաբանություններին՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այնուամենայնիվ հույս է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները կարող են լուրջ հաղթաթուղթ հանդիսանալ պարտատերերի հետ բանակցություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG