Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ի դեմ բողոքի ալիքը կարող է նոր էջ բացել հայ-ռուսական հարաբերություններում


ՀԷՑ-ի դեմ բողոքի ալիքը կարող է նոր էջ բացել հայ-ռուսական հարաբերություններում
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00

Փորձագետների կարծիքով, դրա նախադրյալները արդեն երևում են․ Ռուսաստանը գնում է որոշակի զիջումների, Հայաստանի համար ստեղծվում են պայմաններ՝ ավելի անկախ գործելու համար:

Որոշ քաղաքագետների պնդմամբ՝ ռուսաստանյան ИНТЕР РАО-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ բարձրացած ալիքը կարող է նոր էջ բացել Հայաստան - Ռուսաստան հարաբերություններում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ձևակերպմամբ՝ ժամանակն է ազատվել փոքր երկիր լինելու բարդույթից․ - «Ես միշտ հավատացած եմ եղել, և հիմա դա ապացուցվում է, որ փոքր ազգ և պետություն չկա: Դու կարող ես ստիպել, որ բոլորը քեզ հարգեն՝ անկախ քո չափից: Դա կախված է քեզնից: Լուծումը հետևյալն է՝ նախագահի մակարդակով որոշում կայացնել և հեռախոսով Ռոբերտ Նազարյանին ասել, որ պետք է լրացուցիչ նիստ կատարեն և հոսանքի սակագինը իջեցնեն: Կունենա՞ այդքան համարձակություն Հանրապետության իշխանությունը, ղեկավարությունը հակառակ գնալու, առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու, հանձնարարական տալու Ռոբերտ Նազարյանին»:

«Հայաստանի երիտասարդությունն այսօր ցույց է տալիս, որ պատրաստ չէ ճորտ լինել և իրեն առհասարկ չի հետաքրքրում, թե ով է ՀԷՑ-ը կառավարում՝ Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը», - վստահեցնում է իրավաբան Երվանդ Վարոսյանը՝ ավելացնելով, թե իշխանությունները պարտավոր են օգտվել այս իրավիճակից․ - «Նման շարժումները իրավունք չունի նաև մեր պետությունը ու իշխանությունը չօգտագործել՝ պետության ինքնիշխանությունը ամրապնդելու համար: Որովհետև նման շարժումներն են, որ իրեն հնարավորություն են տալիս փորձել խոսել բոլորի հետ հավասարը հավասարի նման»:

Փորձագետների կարծիքով, իշխանություններին Ռուսաստանի հետ ավելի անկաշկանդ շփվելու հնարավորություն կտա նաև աուդիտը:

Քաղական վերլուծաբան Հակոբ Բադալյանը վստահ է՝ թեև աուդիտը հասարակության բարձրացրած հարցերին պատասխան չի տա, բայց դրա միջոցով Ռուսաստանն ու Հայաստանը կփորձեն իրենց ներգրավվածությունն ու պատասխանատվությունը կիսել․ - «Ես կարծում եմ, սա նաև ցանկանում է իմանալ ռուսական կողմը: Եվ այդ աուդիտը ավելի շատ հենց այդ ներքին հարաբերությունների պարզաբանման նշանակություն է ունենալու»:

Իրավապաշտպանները վստահ են, որ Երևանում վերջին շաբաթներին տիրող իրավիճակը կարող է անհանգստացնել Ռուսաստանին: Արթուր Սաքունցի կարծիքով, Ռուսաստանը չէր ցանկանա, որ ՀԷՑ-ի շուրջ բարձրացած բողոքը անդրադառնար հայ-ռուսական հարաբերությունների վրա․ - «ՀԷՑ-ի հետ կապված սակագնի հարցը չնույնականացվի ռուսական գործոնի հետ և հնարավորինս չափով հակառուսական բաներ չտա: Բայց իրապես հենց ռուսական մամուլը հակառուսական տրամադրությունները խորացրեց, և սա արդեն շատ ավելի խորը ազդեցություն ունի, քան իրենք կարծում են»:

Իսկ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ճիշտ հակառակը, վստահ է, որ այս ամենը ոչ մի բիծ չի կարող թողել հայ-ռուսական հարաբերությունների վրա․ - «Դա կտևի այնքան, ինչքան կտևի: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հիմնված են աշխարհաքաղաքական հասկացությունների վրա, բոլորովին այլ հարթության վրա են, քան ցույցերը»:

Իրավապաշտպաններն և քաղաքական վերլուծաբանները, այդուհանդերձ, համակարծիք են մեկ հարցում՝ պատահական չէր, որ Գյումրի արյունալի սպանությունների կասկածյալ Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձվեց հենց այս օրերին:

Բադալյանի կարծիքով, հայկական կողմը օգտվեց ռուսական կողմի անհանգստությունից․ - «Փորձեց բարձրացնել հարցեր, որոնք նախկինում, առանց այդ երևանյան ֆոնի, հնարավոր չէր բարձրացնել»:

Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, հորդորում է «չգերագնահատել այս զիջումը»:

Իսկ Արթուր Սաքունցի կարծիով, սա պարզապես անբարոյական առևտուր էր․ - «Շարժումը, աննախադեպ այս ակտիվությունը ստիպեց այդպիսի գերտերությանը, որը լուրջ սպառնալիք է աշխարհին, հաշվի նստել փոքր Հայաստանի հասարակության հետ և սկսել Սերժ Սարգսյանի շուրթերով շրջանառության մեջ դնել որոշակի խոսակցություններ»:

XS
SM
MD
LG