Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել «Տաշիր գրուպ» ընկերության կողմից «Հայկական էլեկտրական ցանցերը» գնելու ցանկության լուրերի մասին և նշել, որ իրենք ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի մասին տեղեկություններին տիրապետում են «բացարձակապես լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք առ այսօր չեն անցել «մեր ունեցած հավաստի տվյալներով» ձևակերպման սահմանը»:
«Այնպես որ ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող: Կլինի հայտարարություն այդ կառույցի վաճառքի մասին, այդ դեպքում ցանկացած կազմակերպություն կամ անհատ, այդ թվում՝ գուցե նրանք, ովքեր նման լուրեր են նետում հրապարակ,կարող է ուսումնասիրել՝ հասկանալու՝ որքանով է տնտեսապես ձեռնտու գնել ահռելի պարտքեր ունեցող միավորը և որոշելու՝ գնել այն, թե ոչ»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր «ԻնտեռՌաո» ընկերությունից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան ոչ հաստատել, ոչ էլ հերքել էին մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ խոշոր պարտքերի պատճառով ռուսական ընկերությունը պատրաստվում է էլցանցերը վաճառել «Տաշիր գրուպ» ընկերությանը, որի սեփականատերը գործարար Սամվել Կարապետյանն է (պատգամավոր Կարապետյանի եղբայրը)։
Հայտարարությունում նաև անդրադարձ կա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտին.- «Հարկ ենք համարում նշել, որ թե «Տաշիր գրուպի», թե Կարապետյանների ընտանիքի համար, բնականաբար, անցանկալի է սակագների բարձրացումը, քանզի առանց այդ էլ մեր երկրում առկա է բավական ծանր սոցիալական վիճակ, որն ավելի է բարդանալու էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, առավել ևս այն չափով, որքան ներկայացված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկված հայտում»։
Ըստ Կարեն Կարապետյանի՝ եթե իսկապես ՀԷՑ-ի վաճառքի մասին որոշում կայացվի, գնորդն ուղղակի գնալու է շատ ռիսկային գործարքի՝ հաշվի առնելով առկա «ծանրագույն կացությունը, կուտակված ահռելի պարտքերն ու առավել ևս այն հանգամանքը, որ Ատոմային էլեկտրակայանը 2017 թվականին մոտ կես տարի չի աշխատելու, ինչը էներգետիկ բալանսի վրա լուրջ ազդեցություն է թողնելու»:
«Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև հետգնման ժամկետների ու հավանականության չափազանց անորոշությունը, կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լինի գտնել այնպիսի գնորդ, որն ի վիճակի կլինի համակարգը դուրս բերել ճգնաժամից»,- ասված է հայտարարությունում։