- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ոստիկանությունը երկրորդ շղթան է կազմում՝ այս անգամ Ակադեմիայի գլխավոր մուտքի մոտ:
Առաջին շղթան, հիշեցնենք, կազմված է մի փոքր ավելի ներքևում՝ Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ:
Ոստիկանական երկու շղթաների արանքում 1 զրահամեքենա կա, 1 ջրցան մեքենա, 1 «Տիգր» ոստիկանական մեքենա և փշալարերով բեռնատար մեքենա: Բացի այդ՝ այստեղ է մոտեցել ոստիկանության «Շտապօգնության» մեքենան:
Ոստիկաններից բացի շղթաների արանքում շուրջ 50 քաղաքացիական անձինք են:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյան. -«Ձեզ տրվում է ողջամիտ ժամանակ, որ հինգ հոգանոց խումբը ներկայանա և մեր ուղեկցությամբ բարձրանա նախագահի մոտ»։
Ցուցարարները չեն համաձայնում։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ոստիկանությունը ջրցան մեքենա, «Տիգր» տեսակի մեքենա և փշալարեր է մոտեցրել Բաղրամյանի կենտրոնական հատված:
Գործողությունները ղեկավարում է Ոստիկանական զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ոստիկանության հատուկ ջոկատայինների շուրջ 100 հոգանոց խումբը շղթա է կազմել և փակել Բաղրամյան պողոտան Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ցուցարարների 3-4 հոգանոց խումբ, եթե հանրահավաքի մյուս մասնակիցները հրաժարվեն երթով նախագահի նստավայր շարժվելու մտքից, քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Չնայած ոստիկանության նախազգուշացումներին՝ ցուցարարները սկսում են շարժվել դեպի նախագահի նստավայր:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյան.-«Մեր երթը, որը տեղի է ունենալու, կրում է խաղաղ բնույթ»։
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման չեղարկման պահանջով «Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետն ավարտվեց:
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հայտարարեց, որ ոստիկանությունը թույլ չի տալու երթով շարժվել Բաղրամյան 26 և կարգ խախտողները կենթարկվեն պատասխանատվության։
Օսիպյանը ցուցարարներին առաջարկեց մինչև տասը հոգանոց խումբ կազել և ստիկանների ուղեկցությամբ իրենց պահանջը նամակի տեսքով հանձնել նախագահական և այդքանով սահմանափակվել։
«Փորձեք ձեր արածին հասնել սահմանադրական ճանապարհով։ Ոստիկանությունը չի ողջունում թանկացումները, միանշանակ, բայց այն, որ ոստիկանությունը թույլ կտա Հայաստանի տարածքում որևէ մեկը, այդ թվում դուք՝ անօրինական հավաքի երթի մասնակիցներդ, կարգ խախտեք, այստեղ թող ոչ ոք չկասկածի», - հայտարարեց Օսիպյանը: