Մատչելիության հղումներ

Գյումրեցի ակտիվիստները կոչ են անում չվճարել հոսանքի վարձը


Շաբաթ երեկոյան մի խումբ գյումրեցի երիտասարդներ ավտոերթ անցկացրեցին ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։

Երիտասարդները մինչ այդ հանրային քննարկում կազմակերպեցին, որի արդյունքում որոշեցին թաղ առ թաղ, տուն առ տուն շրջել և գյումրեցիներին կոչ անել, որ նրանք հրաժարվեն վճարել էլեկտրաէներգիայի վարձավճարները։

«Էլցանցը կարող է անջատել մարդկանց հոսանքը, բայց մենք հիմա հորդորում ենք, որ չմուծեն։ Կազմակերպիչներից ձևավորվել է անհանդուրժող բանակ, որոնք պատրաստ են գնալ յուրաքանչյուր տուն, որտեղ անջատվելու է հոսանքը, և անհնազանդությամբ միացնեն»,- «Ազատությանը» ասաց ակցիայի մասնակից Արմեն Ներսիսյանը։

«Նպատակը մեկն է՝ նախ հիմնավորված չէ թանկացումը, հետևաբար պատրաստ չենք ուրիշի թալանի համար վճարելու, և կոչ կանենք, որ որևէ մեկը չվճարի։ Հաջորդը՝ ի վիճակի չենք վճարելու, որովհետև սոցիալական էս պայմաններում նորից թանկացումը անհնար է։ Ես վստահ եմ, որ ակցիան համատարած բնույթ կկրի, որովհետև շատերը այլևս ի վիճակի չեն վճարելու»,- նշեց ակտիվիստը։

Ավտոերթին, ակտիվիստներից բացի, միանում էին նաև այլ քաղաքացիներ, ովքեր ևս ասում էին, որ պատրաստ են հոսանք չմիացնել, որպեսզի հարվածեն ՀԷՑ-ի գրպանին և կասեցնեն էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը։

XS
SM
MD
LG