Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք»


Նալբանդյան․ «Այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք»
please wait

No media source currently available

0:00 0:06:48 0:00

Ռիգայում «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքները, անդրադարձավ նաև ադրբեջանցի պաշտոնակցի սկանդալային պահվածքին:

«Ազատություն»․ - Հիմա Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, դեռևս այնտեղ բանակցում են, բայց կարծեք թե աշխատանաքներն ավարտվեցին: Ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ տվեց այս գագաթնաժողովը Հայաստանին: Կարծեք թե այդ ընդհատված գործընթացը, հարաբերականորեն ընդհատված՝ Եվրամիություն - Հայաստան գործընթացը վերսկսվում է նորից:

Էդվարդ Նալբանդյան․ - Ես չէի ասի՝ ընդհատված, ես կասեի՝ շարունակվող գործընթաց: Վերահաստատվեց այն, ինչի մասին ասվել էր դեռ հունվարի 20-ին՝ Հայաստան - Եվրոմիություն խորհրդի նիստի ժամանակ, որ մենք մտադիր ենք՝ Հայաստանը և Եվրոմիությունը, շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի նաև պարտավորությունները այլ ինտեգրացիոն պրոցեսներում:

Եվ այսօր Հռչակագրում էլ դրա մասին է խոսվում, որ այն գործընթացը, որը մենք սկսել էինք Եվրոմիության հետ դեռ նոյեմբեր ամսին՝ այդպես կոչված խորհրդատվությունները, ինչու խորհրդատվություններ, այլ ոչ թե բանակցություններ՝ որովհետև Եվրոպական միության բանակցող թիմը չուներ մանդատ, և հիմա պարզ է դառնում, որ այդ խորհրդատվությունները մենք եզրափակեցինք մարտ ամսին և եկանք ընդհանուր հասկացողության, որ պետք է շուտով բանակցություններ սկսենք, և դրա մասին նաև արտացոլվեց ընդհանուր Հռչակագրում: Եվ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտակա ժամանակ Եվրոմիության խորհուրդը կվերահաստատի կամ կհաստատի այդ մանդատը բանակցող թիմի համար, և դրանից հետո մենք կսկսենք բանակցություններ՝ մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ՝ մեր հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման և զարգացման:

Բացի դրանից, այս Հռչակագրում նշվեց ևս մեկ կարևոր ուղղություն՝ դա շարժունակության բնագավառն է: Մենք կարևորություն ենք տալիս այդ ուղղությանը, և արդեն Հռչակագրում նշվեց, որ մոտակա ժամանակ կսկսվի վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսությունը:

Ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ ռեադմիսիայի, այսինքն՝ հետընդունման և նաև վիզային ռեժիմի դյուրացման այդ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրոմիության հետ և որոնք ուժի մեջ մտան հունվար ամսին 2014 թվականի, դրանք ճանապարհ բացեցին, որպեսզի նոր գործընթաց մեկնարկի, նոր գործընթաց, որը տանելու է դեպի վիզային ռեժիմի, արտոնագրային ռեժիմի ազատականացում: Խոսքը գնում է հենց նրա մասին, որ Հայաստանի քաղաքացիները ազատված կլինեն Եվրոմիություն վիզաների և արտոնագրերի պահանջից:

Մենք շարունակել ենք մեր բանակցությունները և շփումները նաև ոլորտային բնագավառներում համագործակցության մասին, որոշ ոլորտային համագործակցության մասին նշում կա նաև Հռչակագրի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ դա լինի Horizon 2020 ծրագրի հետ կապված, որը կապված է գիտության հետազոտությունների բնագավառին, նաև խոսքը գնում է ձեռնարկատիրությունների խրախուսման, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների, նաև ավիացիայի բնագավառում և այլ բնագավառներում:

Այսինքն՝ այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք:

Եվ ինչ-որ խոսակցություններ էին ընթանում, որ կստորագրվի ինչ-որ մի բան, չի ստորագրվի՝ այդպիսի հարց չի էլ եղել, որովհետև դեռ հունվար ամսին, կարծեմ դուք հիշում եք, որ խորհրդից անմիջապես հետո ես հայտարարեցի, որ իհարկե երբ որ լինի մանդատը Եվրոմիության կողմից այդ բանակցող թիմին, այն ժամանակ բանակցություններ կընթանան, կմշակվի փաստաթուղթը, և երբ որ գանք ընդհանուր համաձայնության, այն ժամանակ այդ փաստաթուղթը կստորագրվի:

Այսինքն, որևէ բան չէր էլ սպասվում այսօր ստորագրվեր, դրա համար ինձ մի քիչ զարմացնում է, որ չնայած այն պաշտոնական հայտարարություններին, որոնք արվել էին բարձր մակարդակով Հայաստանում և Եվրոմիության կողմից նաև, ամենաբարձր մակարդակով, դրանք նկատի չէին առնվում, բայց ինչ-որ․․․

«Ազատություն»․ - Բայց լավ լուր կա, չէ՞, ըստ էության՝ հավանություն տրվել է, որպեսզի Եվրահանձնաժողովը սկսի բանակցությունները, դա արդեն լուրջ առաջընթաց է:

Էդվարդ Նալբանդյան․ - Ուրեմն, հանձնաժողովը դրական զեկույց է ներկայացրել Խորհրդին, և Խորհուրդը պետք է հաստատի այդ մանդատը, և ես վստահ եմ, որ շուտով այդ մանդատը կհաստատվի, և մենք կսկսենք բանակցությունները:

«Ազատություն»․ - Եթե կարելի է՝ երկու հարց տամ: Նախագահը իր ելույթում քննադատեց Ադրբեջանին, ասաց, որ Ղարաբաղը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունեն միմյանց հետ: Հետո այստեղ խոսակցություններ տարածվեցին, թե Ադրբեջանը առարկում է այդ եզրափակիչ փաստաթղթի՝ Ղարաբաղին վերաբերող դրույթներին: Այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ:

Էդվարդ Նալբանդյան․ - Գիտեք, ևս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ: Որովհետև այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձևակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած: Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչև հիմա չի արտահայտվել այդ հարցով: Այս անգամ դա մտավ նաև Եվրոմիության և Արևելյան գործընկերության երկրների այդ ընդհանուր հռչակագրի մեջ, և Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա հետ: Եվ այդ էր պատճառը, որ արտգործնախարարը իրենց լքեց, փաստորեն, դահլիճը, այո, և փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ:

Այսինքն, ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը և միջազգային հանրության բավական կարևոր մասը՝ Եվրոմիության անդամ երկրների և նաև այլ՝ Արևելյան գործընկերության երկրները, միակարծիք են այդ հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը նորից դեմ դուրս եկավ:

«Ազատություն»․ - Եվ վերջին հարցը: Բոլորը այստեղ խոսում են այդ մասին, որ Բելառուսը և Հայաստանը դեմ էին «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթին: Այդ հարցն ինչպե՞ս հարթվեց:

Էդվարդ Նալբանդյան․ - Ընդհանուր Հռչակագրի մեջ կային մի շարք եզրույթներ, մի շարք դրույթներ, որոնց վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր կարծիքներ ունեին, և, բնակաբանար, մենք էլ ունեինք մեր կարծիքը, և կարծում եմ, որ Հայաստանի, ես Բելառուսի անունից չեմ կարող հիմա ասել, բայց Հայաստանի այն առաջարկները և այն գաղափարները, որոնք ներկայացվել էին, ըմբռնումով ընդունվեցին, և կարող եմ ասել՝ մեծ մասամբ ընդունվեցին և արտացոլվեցին այդ Հռչակագրի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG