Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները աջակցություն են հայտնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին


Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները շաբաթ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը նշանակալից առաջընթաց են արձանագրել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու գործում։

«Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը եւ ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը», – ասված է հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ–ի Մինսկի խմբում համանախագահող 3 երկրների ղեկավարների կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

Երեք նախագահները «կարեւոր առաջընթաց» են գնահատել այն փաստը, որ հակամարտության կողմերը որպես Ղարաբաղի հարցի երկարաժամկետ լուծման հիմք ընդունում են Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թվականի հուլիսի 10–ին իտալական Աքվիլա քաղաքում հրապարակված սկզբունքները։

«Հիշյալ սկզբունքները», – հայտարարությունում ընդգծել են երեք նախագահները, – «ներառում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»։

«Մենք մեր նախարարներին եւ համանախագահներին հանձնարարում ենք ակտիվորեն աջակցել կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման գործում՝ նախապատրաստվելով Ալմաթիում ԵԱՀԿ–ի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում անցկացվելիք համատեղ հանդիպմանը», – նաեւ ասված է նախագահների հայտարարությունում։

Հուլիսի սկզբին նախատեսվում է ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան եւ Ադրբեջան։

Անցած շաբաթ՝ հունիսի 17–ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որից հետո տարածված հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան նշել է «կողմերի դիրքորոշումների մերձեցումը կարգավորման հիմնական սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների շուրջ» եւ հայտարարել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են այդ փաստաթղթի վրա աշխատանքը ավարտելուն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

Այդուհանդերձ, Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից ընդամենը 1 օր անց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքեր ներթափանցած ադրբեջանական զինված խմբավորման եւ հայ դիրքապահների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 4 հայ եւ առնվազն 1 ադրբեջանցի զինծառայողներ զոհվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG