Մատչելիության հղումներ

Ցուցում է տրվել բերման ենթարկել Գորիսի միջադեպի առթիվ նախաքննական մարմին չներկայացած անձանց


Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման ենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող դատախազը քննչական մարմնին ցուցում է տվել մի շարք անձանց բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում, որում չեն նշվում այդ մարդկանց անունները:

Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անվան հետ: Ծեծկռտուքից տուժած, աջ աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանի հայրը՝ Գուրգեն Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ծեծկռտուքին մասնակցել էր ոչ միայ Տիգրան Խաչատրյանը, այլև մարզպետի մյուս որդին՝ հինգ տասնյակից ավելի ընկերներով։ Սուրիկ Խաչատրյանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որդին դեպքի օրը Երևանում է եղել և ոչ մի առնչություն չունի դրա հետ:

«Նախաքննական և հետաքննական մարմիններին ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG