Չնայած Սյունիքի մարզպետի որդու անվան հետ կապվող աղմկահարույց ծեծկռտուքից անցել է 6 օր, հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ այս պահը ձերբակալվածներ չկան, անհայտ է նաև խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը։
Նախաքննական մարմինը հրաժարվում է մանրամասնել՝ ովքեր են հարցաքննվել և արդյո՞ք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հրավիրվել է ոստիկանություն։ «Ազատության» այս հարցերին քննչական կոմիտեի նախագահի Խորհրդական Սոնա Տռուզյանն արդեն 4 օրն է՝ պատասխանում է միևնույն նախադասությամբ․ - «Քննություն է տարվում գործով օբյեկտիվ իրականությունը բացահայտելու, պարզելու ուղղությամբ: Հարցաքննվել են ու շարունակվում են հարցաքննվել տարբեր անձինք: Քննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք»:
Մինչ իրավապահները շարունակում են գաղտնի պահել քննության ընթացքը, ծեծկռտուքից տուժած, աջ աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանի հայրը՝ Գուրգեն Զաքարյանը, նոր մանրամասներ է հրապարակում։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նա պնդեց, որ անցած շաբաթավերջին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է ոչ միայ Տիգրան Խաչատրյանը, այլև մարզպետի մյուս որդին՝ հինգ տասնյակից ավելի ընկերներով։
«Կազմակերպված հանցագործ խումբ է՝ տեռորի ենթարկած բոլոր գորիսեցիներին և սյունեցիներին: Հիսուն, վաթսուն, յոթանասուն․․․ այդ 100 հատ ավտոմեքենան որտեղի՞ց հայտնվեց այստեղ», - ասաց տուժողի հայրը:
Գուրգեն Զաքարյանի խոսքով, միջադեպից հինգ օր անց՝ երեկ, քննիչները այցելել են հիվանդանոց, որդուն և իր կնոջը հարցաքննել, սակայն դատաբժիշկները փորձաքննություն առայժմ չեն իրականացրել։ Նախաքննական մարմնից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ մեկ աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանը մինչ օրս անգամ որպես տուժող չի ճանաչվել։
Զաքարյանները, մոտ երկու տարի առաջ մարզպետի որդու կողմից սպանված Ավետիք Բուդաղյանի բարեկամներն են։ Հայրը պնդում է, որ որդիները նախկինում ևս խնդիրներ են ունեցել մարզպետի ընտանիքի հետ, չի հավատում քննչական կոմիտեի վարկածին, թե այդ օրվա ծեծկռտուքը սկսվել է ճանապարհին տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։
«Միանշանակ կազմակերպված՝ չեմ էլ կասկածում, որովհետև կանչել են այդտեղ՝ զանգահարել, կանչել են: Հարյուր անգամ զանգել է տղայիս, կանչել հանդիպման: Թող հանեն հեռախոսային խոսակցությունները», - պնդում է նա՝ հավելելով․ - «Փոքր տղայիս հետ այդ նույն Տիգրանը միջադեպ ունեցել է մի քանի ամիս առաջ: Չեմ ներելու՝ բազմիցս ես իրեն նախազգուշացրել եմ, որ իմ ընտանիքից հեռու մնա»:
Անցած շաբաթ Գորիսում տեղի ունեցած միջադեպի մասին այսօր խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Օմբուդսմենը անուններ չի հնչեցրել։ Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ինքը մամուլից է լսել միջադեպի մասին, տուժողի հարազատներից բողոքներ չի ստացել։
«Եթե կապացուցվի, որ այն անձինք, ում անունները դուք նշում եք, իսկապես ներգրավված են, ես էլ կմիանամ այդ վրդովմունքին, որ կա ինչ-որ հերթական գործ», - ասում է նա:
Սուրիկ Խաչատրյանն այսօր ևս չպատասխանեց հեռախոսազանգերին։ Սյունիքի մարզպետարանից արձագանքեց Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը, ում խոսքով իրավապահները մարզպետի որդուն դեռևս հարցաքննության չեն հրավիրվել։
«Ոչ մեկը իրեն ոչ մի տեղ չի կանչել, ինքը ոչ մի տեղ չի ներկայացել և ինքը ընդհանրապես քննության մեջ չկա», - հայտարարեց մարզպետի խորհրդականը:
Մարզպետի խորհրդականը ապատեղեկատվություն է որակում տուժող կողմի պնդումները, մամուլի հրապարակումները և անգամ քննչական կոմիտեի տեղակատվությունը, թե ծեծկռտուքը ծագել է Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ վիճաբանությունից հետո։ Հովհաննսիյանը, ով գնդապետի կոչում ունի, զարմանում է, թե ինչո՞ւ են կասկածում մարզպետի որդուն։ Նրա պնդմամբ, երկու տարի առաջ սեփական տան բակում Ավետիք Բուդաղյանին հրազենով սպանած և աղմկահարույց մի շարք այլ գործերով հիշատակվող Տիգրան Խաչատրյանն օրինապաշտ, ազնիվ, օրինակելի երիտասարդ է։
«Մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հավաստիացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության 1000 երիտասարդներից 900-ից լավն է», - հայտարարեց Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը: