Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականի ապրիլի 23-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ:
Ժամը 17-ին սկսված արարողությունը ավարտվեց 19:15-ին՝ խորհրդանշելով 1915 թվականը: Այդ պահին հնչեցին Մայր Աթոռի զանգերը․ հարյուր զանգ, որոնց միացան աշխարհասփյուռ հայ եկեղեցիների նույնքան ղողանջները:
Մայր Աթոռից դեպի Ս․ Տրդատի անունը կրող խորան շարժվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց դասի թափորը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի գլխավորությամբ:
Նավասարդ Սրբազանը ընթերցեց երկու կաթողիկոսների կոնդակը Եպիսկոպոսաց ժողովի որոշմամբ և ժողովրդի ցանկությամբ այսուհետ ապրիլի 24-ը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր հռչակելու մասին: Այնուհետև երկու կաթողիկոսները աղոթք հղեցին առ Աստված՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար:
Այնուհետև երկու կաթողիկոսները աղոթք հղեցին առ Աստված՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար:
Ամենայն Հայոց կաթողիկոսը, իր խոսքում, մասնավորաբար, ասաց․ - «Քրիստոսին նահատակությամբ վկայելը ընդելուզված է մեր ժողովրդի կյանքին: Սրբության, առաքինության, անձնվիրումի հոգևոր սխրանքի բազում վկայություններ են արձանագրված նաև Հայոց Ցեղասպանության ողբերգական տարեգրության մեջ: եղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում` Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն»:
Սրբադասման կարգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջին տիկնոջ հետ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հոգևոր պետեր ու պատվիրակություններ: