Չնայած միջազգային կառույցների հոռետեսական կանխատեսումներին, տնտեսական աճի ցուցանիշի վերանայման անհրաժեշտություն կառավարությունն այս պահին չի տեսնում։
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, կառավարության նիստից հետո պատասխանելով «Ազատության» հարցին, պնդեց՝ ցուցանիշը վերանայելու հիմքեր ընդհանրապես չկան։
«Եթե մենք ունենայինք եռամսյակով տնտեսական ակտիվության աճի գոնե ինչ-որ տարբերություն առաջին երկու ամսվա նկատմամբ... ես կարծում եմ, որ մեր ՀՆԱ-ի աճը շատ չի տարբերվի տնտեսական ակտիվության ցուցանիշից, որովհետև դրանք համադրելի են, կախված են մնացած կոմպոնենտների հանելուց-գումարելուց»,- ասաց նախարարը՝ հնարավոր համարելով 4.1 տոկոս տնտեսական աճը։
Մինչդեռ մեկ ամիս առաջ նախարարը չէր բացառել, որ կառավարությունը կարող է վերանայել այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը։
«Պետք է նայենք իրավիճակին, այսինքն, ելնելով կայունության այն մակարդակից, երբ մեր տնտեսվարողները կկարողանան իրենց արտահանման ծավալները կոմպենսացնել հետագա գործողություններում: Կարծում եմ, որ մեկ-երկու ամսում լրիվ հստակություն կլինի»,- ասել էր նախարարը։
2015 թվականի համար կառավարությունը նախատեսել է 4.1 տոկոս տնտեսական աճ։ Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը օրերս հրապարակված զեկույցում կանխատեսել էր, որ Հայաստանն այս տարի կունենա 1 տոկոս տնտեսական անկում։ Բացասական են կանխատեսումները նաև Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսասաստանի և Բելառուսի վերաբերյալ։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ այս ամենը հաշվի առնելով կառավարությունն, այնուամենայիվ, պետք է վերանայի տնտեսական աճի ցուցանիշը։
«Բացասական միտումները բավականին շատ են, ոչ միայն մեր տարածաշրջանում, ԵՏՄ-ում, այլև համաշխարհային տնտեսության մեջ կա տնտեսական աճի կրճատման միտումներ։ Իսկ դա ենթադրում է, որ պետք է վերանայվեն ցուցանիշները»,- ասաց տնտեսագետը։
Էկոնոմիկայի նախարարի համոզմամբ՝ միջազգային կառույցները իրենց գնահատականներում ընդամենը ավելի զգուշավոր են և նրանց զեկույցները միշտ չէ, որ արտացոլում են տնտեսության իրական պատկերը։
«Ներդրողներին կոչ եմ անում իրական հատվածին նայել։ Այստեղ պարզապես մեթոդոլոգիայի տարբերություն կա»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը։
Նախարարը միաժամանակ ընդունում է, որ այդ գնահատականները բացասաբար են ազդում հատկապես ներդրումների վրա.- «Պատկերացրեք, դուք պոտենցիալ ներդրող եք, մտածում եք, որ այսօր այս ուղղությամբ որևէ աշխատանք կազմակերպեք, և այդպիսի կանխատեսման դեպքում որոշակի վերապահումներ կունենաք կամ լրացուցիչ ուսումնասիրություններ կանեք»։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը թեև չի ժխտում ներդրումների վրա միջազգային կառույցների գնահատականների ազդեցությունը, այդուհանդերձ, ընդգծում է, որ միայն դրանք չեն ետ պահում գործարարներին Հայաստանում ներդրումներ անելուց։
«Ես կուզեի, իհարկե, որ շատ բարձր լիներ մեր վարկանիշը, ներդրումներ արվեին և այլն, բայց վարկանիշ ստեղծողը յուրաքանչյուր հայ է, յուրաքանչյուր ձեռնարկություն և մեր տնտեսությունը՝ ամբողջությամբ վերցրած։ Եթե այդ գործոնները մենք չենք ապահովում, բնականաբար, տնտեսվարողները իրենք հարցում անելով կամ տեսնելով իրավիճակը՝ համոզվում են այդ երևույթների մեջ։ Եվ վերջապես մի մոռացեք, որ ունենք ընդամենը 3 միլիոնանոց շուկա, որը բավականին փոքր է և ներդրողները այդ շուկայում իրենց շատ ակտիվ չեն կարողանում զգալ, որովհետև չունեն գնողունակ բնակչություն»,- ասաց Խաչատրյանը։