Մատչելիության հղումներ

Վարչապետն այս տարի մինչև 3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ չնայած կանխատեսումներին՝ 2015 թվականին Հայաստանում տնտեսական աճ է արձանագրվելու։

«Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ», - այսօր Ծաղկաձորում, «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովում, հայտարարել է Հովիկ Աբրահամյանը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Հովիկ Աբրահամյանը փաստել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում դրական տեղաշարժն ակնհայտ կլինի:

«Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,- նշել է վարչապետը, հավելելով նաև, որ քննադատությունները, կանխատեսումները նաև զգոնություն են հաղորդում կառավարությանը:

Հիշեցնենք՝ համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ աշխարհի տնտեսական հեռանկարների վերաբերյալ զեկույցի՝ այս տարի Հայաստանը կփակի տնտեսության 1 տոկոս անկումով։

Հայաստանյան փորձագետները է՛լ ավելի բացասական գնահատականներով են հանդես եկել, մասնավորապես՝ կանխատեսելով մինչև 3 տոկոս տնտեսական անկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG