Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է եկել «Օսմանյան կայսրության անկման շրջանում զոհված օսմանյան հայերի վերաբերյալ» ուղերձով, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում:
Ստորև ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ.
«Օսմանյան կայսրության` դարեր շարունակ խաղաղության և եղբայրության մեջ միասին ապրած, տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրենց հիշողության մեջ խորին հետքեր թողած ցավեր են ապրել:
Որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այս ցավերը տեսած տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող ազգերի թոռներ` այսօր հասկանում ենք տեղի ունեցածը, հարգանքով հիշատակում զոհված անմեղ օսմանյան հայերին և մեր ցավակցությունը հայտնում նրանց թոռներին։
Օսմանյան հայերի հիշատակին և հայերի մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և մարդկային պարտականություն է։ Այս հասկացողությամբ, այս տարի ապրիլի 24-ին Հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք կրոնական արարողությամբ Օսմանյան կայսրության հայերը կհիշատակվեն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում։
Ինչպես նշվում էր մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության շրջանում` 2014 թվականի ապրիլի 23-ին հրապարակված ուղերձում՝ ավելի իմաստալի կլիներ, եթե «Թուրքիան և Հայաստանը միասին իրենց հարիր արարողությամբ» հիշատակեին հայերին։
Հավատում ենք, որ պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվելու, այս հասուն և արժանի մոտեցումը իրականություն կդառնա։ Հնագույն անատոլիական քաղաքակրթությունը սովորեցրել է մեր պատմությանը տեր կանգնել, ուրախությունը և վիշտը կիսել, վերքերը միասին ամոքել և միասին նայել ապագային:
Ինչպես Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ` 2015 թվականի հունվարի 20-ի հայտարարությանս մեջ եմ ասել, երկու հնագույն ժողովուրդ կարող են իրար հասկանալու և միասին ապագային նայելու իմաստություն դրսևորել։ Այսօր էլ, պատմական մեր պատասխանատվության և մարդկային պարտականության անհրաժեշտությունից ելնելով` ցավերի մեջ տարբերություն չդնելով, հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններում կյանքից հեռացածներին հարգանքով ենք հիշում։
Մյուս կողմից էլ, մեր ցավերի մեղմացման համար կյանքից հեռացածներին հիշելուն պես, հավատում ենք, որ նույնքան կարևոր է անցյալի հետ արդար կերպով առերեսվել։
Հնարավոր է պարզել Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների պատճառները և պատասխանատուներին: Ամեն ինչ մեկ բառի հավասարացնելով` պատասխանատվությունը ընդհանրացման ճանապարհով միայն թուրք ազգի վրա բարդելը, նույնիսկ դրանք ատելության խոսքի հետ կապելը, բարոյական և իրավական առումով խնդրահարույց է։
Հարյուր տարի առաջ թուրք և մուսուլման օսմանցիների ապրած արտաքսման և կոտորածների խորին հետքերն այսօր էլ մեր հիշողության մեջ են: Այս իրականությունը անտեսելը, ցավերի մեջ տարբերություն դնելը, անընդունելի է ինչպես պատմական, այնպես էլ խղճի տեսանկյունից: Ընդ որում, անցած տարիները մեզ ցույց տվեցին, որ իրար հակասող հիշողությունների բախումն արդյունավետ չէ:
Այս շրջանակում հարկավոր է հարգանքով մոտենալ բոլոր օսմանյան քաղաքացիների հիշողությանն ու խղճին, ականջալուր լինել նրանց ձայներին: Ճշմարտությանը հասնելու համար արդար հիշողությունը, կարեկցանքը, հարգալից լեզուն, ողջամիտ և օբյեկտիվ հայացքը բավական են։
Թուրքիան այս բոլոր կարծիքները ազատորեն լսելով` ազատ քննարկել կարողանալու, ամեն տեսակի փաստաթուղթ և տեղեկության ուսումնասիրելու միջավայր ստեղծելով` համատեղ ապագա կառուցելու նպատակին ուղղված կարևոր դրական քայլեր է կատարում։
Որպես երկու ժողովրդի ժառանգներ, որոնք հարյուր տարի առաջ ուրախություն, տխրություն ու նույն ճակատագիրն են կիսել, մենք համատեղ պատասխանատվություն ունենք` մեզ բաժին հասած հարյուր տարվա վերքերը բուժելու և մեր մարդկային կապերը կրկին հաստատելու։
Թուրքիան անտարբերության չի մատնի այս պատասխանատվությունը. բարեկամության և խաղաղության համար կշարունակի անել այն, ինչ կարող է։
Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում` այս պատմական ցավերը փորփրելու փոխարեն արդար հիշողություն և համատեղ խաղաղ ապագայի վրա հիմնված մոտեցում որդեգրեն։
Այս հույզերով և մտքերով մեկ անգամ ևս հարգանքով հիշում ենք 1915 թվականին տեղահանության ժամանակ մահացած օսմանյան հայերին և կիսում նրանց երեխաների ու թոռների ցավը»:
Թուրքերենից թարգմանեց Տաթևիկ Սարգսյանը