Հայկական զինուժը, Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, չի խոչընդոտում սահմանում ադրբեջանական կողմի ինժեներական աշխատանքներին, սակայն ուշադիր հետևում է:
Նշենք, որ նախօրեին մամուլը տեղեկացրեց, թե Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ադրբեջանական զինուժը բուլդոզերով խրամատներ է փորում։
«Կողմերը շփման գիծը հագեցնելու ինժեներական աշխատանքներ կատարում են մշտապես, որովհետև այսօր, այսպես ասած, ընթացիկ պատերազմի կանոնները դա են թելադրում: Պետք է ամրաշինական կառույցները հագեցնել, ինժեներական կահավորումը բարելավել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը պնդում է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները նպատակ ունեն ամրապնդել պաշտպանությունը․ - «Երկու տասնամյակ հրադադարից հետո ադրբեջանական կողմը հասկացավ, որ փաստացի հայկական կողմն էլ կարող է, ասենք, սկսի ինչ-որ նախահարձակ, պրեվենտիվ գործողություններ օգտագործել ինչ-որ ճիշտ ժամանակաշրջան՝ եթե համարի, որ ադրբեջանական կողմի այդ գործողությունները շփման գծում, կամ հայտարարություններ ինչ-որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսկելու առումով արդեն անընդունելի լինեն հայկական կողմի համար»:
Պաշտպանության նախարարի խոսնակին խնդրեցինք մեկնաբանել նաև ռուսաստանյան մամուլի հրապարակումները, որոնց համաձայն Ռուսաստանի զինուժը Հայաստանում մայիսի 9-ին զորահանդես է անցկացնելու, ընդ որում՝ առանց հայկական կողմի գիտության։ Արծրուն Հովհաննիսյանը պնդեց, որ աշխատանքները համատեղ են իրականացվում։
Ըստ խոսնակի, այս տարի Երևանում ու Գյումրիում ռուսական զինված ուժերը նախորդ տարիներից ավելի մեծ կազմով են անցկացնելու Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակին նվիրված տոնակատարությունը․ - «Ռուսական զորախումբը ինչ իրականացնում է Հայաստանում, միանշանակ համապատասխան, համատեղ պլաններով է իրականացնում, և դա նախապես քննարկվում պլանավորվում է: Շքերթի մասին խոսք լինել չի կարող: Դա զորանց է»:
Ինչ վերաբերում է միջոցառումների ընթացքում զինտեխնիկայի օգտագործմանը, ապա գոնե Երևանի մասով Հովհաննիսյանը հերքեց դա․ - «Սա այն միջոցառումն է, որ ամեն գրեթե լինում է Հաղթանակի զբոսայգում: Այս տարի միգուցե մի քիչ ավելի շքեղ կլինի: Նման մի բան կլինի նաև Գյումրիում, ինչը նորից գրեթե ամեն տարի լինում է: Միգուցե մի փոքր ավելի մեծ, քանի որ ի վերջո 70-ամյակ է: Միջոցառումների ցանկ գոյություն ունի, որը մենք կներկայացնենք, որտեղ մենք ևս մասնակից ենք կամ առանձին ենք նշում: Եվ դրանք չեն սահմանափակվում միայն Գյումրիով և Երևանի Հաղթանակի զբոսայգով: Դրանք լինելու են տարբեր միջոցառումներ թե՛ ուղիղ մեր կազմակերպմամբ, թե՛, ասենք, այս դպրոցում, այս հիմնարկում և այլն»:
Ի դեպ, դեռ անցած տարի ռուսական մամուլը գրեց, թե Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակին նվիրված զորահանդեսին ռուսական զինուժի մասնակցության վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հաղորդագրության հաջորդ օրը հերքեց, թե համատեղ զորահանդես է անցկացվելու։
Լայնամասշտաբ զորահանդեսի փոխարեն կանցկացվի ընդամենը զորանցում, որին կմասնակցեն նաև Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան սպաներ։
Ի դեպ, Մոսկվայում մայիսի 9-ին նախանշված զորահանդեսին մասնակցելու է նաև հայկական զինուժի մեկ դասակ։
Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը ռուսական զինուժի մասնակցությամբ անցկացվելիք միջոցառումներում արտառոց ոչինչ չի տեսնում․ - «Ես կարծում եմ, միանշանակ դա կապված է այն հանգամանքի հետ, որ այս տարի նշվում է 70-րդ տարին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի, և, բնականաբար, և՛ Ռուսաստանում, և՛ ռուսական այն զորամասերում, որոնք գտնվում են Ռուսաստանից դուրս, դա նույնպես ավելի շուքով է նշվում, քան դա եղել է նախորդ տարիներին»: