Մատչելիության հղումներ

Տաքսիստները պնդում են, որ լիցենզավորման նոր կարգը ոչ մի առավելություն չի տալիս


Տաքսիստները պնդում են, որ լիցենզավորման նոր կարգը ոչ մի առավելություն չի տալիս
please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00

Չնայած կառավարությունից պնդում են, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի շնորհիվ շահել են թե ուղևորները, թե վարորդները, վերջիններս հակադարձում են, թե բացի քաշքշուկներից, հարկային բեռից ու նոր տուգանքներից որևէ առավելություն չեն ստացել։

Անցած մեկ ամսվա ընթացքում 50 վարորդ արդեն տուգանվել է 50 հազար դրամով՝ նոր կարգին չհետևելու համար։ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, շատերն են հրաժարվում վճարել նոր՝ ամսական 12 հազար դրամ տուրքը, քանի որ մինչ օրս չգիտեն՝ ինչ ծառայություններ են ստանալու դրա դիմաց:

«Վարորդները բաժանվել են երկու խմբի, մի մասը չի վճարում, մինչև իրենց պահանջները չկատարվեն, մյուս մասն էլ լիցենզավորվել է, բայց ոչ մի խնդիր նրանց համար չի լուծվում՝ ոչ կայանատեղի, ոչ կարմիր գծանշանների»,- ասաց Հովհաննիսյանը։

Վարորդները նշում էին, որ կառավարությունը դեռ չի արձագանքել դեռևս մեկ ամիս առաջներկայացված 20 կետանոց առաջարկներին, որոնցով պահանջում էին լուծելկայանատեղերի հարցը, ապահովել մեքենաները հաշվիչով և այլ պարտադիր պարագաներով, ստեղծել աշխատանքային նորմալ պայմաններ։

«Ուզում են դժոխային պայմաններ ստեղծեն տաքսու համար, կոխեն մենաշնորհի տակ, որ իրանցը եղավ, արդեն իրենց գները [պարտադրեն], իրենցն էլ եվրոգներ են, մեզ էլ ասեն՝ ձեր ավտոն շպրտեք, էկեք, մեր ավտոն քշեք»,- ասում է վարորդ Ստանիսլավ Սիմոնյանը։

Սիմոնյանը պնդում է, թե միշտ օրինական դաշտում է աշխատել։ Հիշեցնում է, որ կառավարությունը տարիներ առաջ դեղին պետհամարանիշերի մասին որոշում կայացրեց ու պարտադրեց, որ հին մեքենաները փոխեն նորերով։ Տաքսիստները ստիպված եղան վարկեր վերցնել ու նորացնել մեքենաները։ Բայց հիասթափությունից բացի այդ փոփոխությունը ոչինչ չտվեց, ասում է վարորդը։

«Դեղին համարներն էլ ստացանք, իրանց ավտոները մեր վրա ծախեցին, 3000 հազար դոլարանոց ավտոն մեր վրա 20 հազարով նաղդին, հետո մեզ ասին՝ բերեք անվճար էդ դեղին համարները հետ հանձնեք»,- զայրանում է Սիմոնյանը։

Մեկ այլ վարորդ՝ Գուրգեն Հարությունյանը մատնանշում է մի ուրիշ վնաս, որ կրել են լիցենզավորման նոր կարգին անցնելուց հետո։ Եթե դեղին պետհամարանիշներով աշխատելու դեպքում անհատ ձեռներեց էին համարվում, ապա այսօր ստիպված ենհարկային դաշտ մտնելորպես ֆիզիկական անձինք։

«Բանկերից կարում էինք գումար վերցնել, ավտո էինք առնում, խանութից ապառիկ ապրանք էինք վերցնում, հիմա էս լիցենզիայով չենք կարա»,- ասում է Հարությունյանը։

Մինչդեռ տրանսպորտի նախարարությունը շարունակում է պնդել, որ հաշվիչ տեղադրելու, սակագնի մասին մեքենայի վրա տեսանելի նշում կատարելու, անվտանգ պայմաններ ապահովելու պարտադրանքը բարելավել է սպասարկման որակը, վարորդներից գանձվող գումարի չափն էլ տարիների ընթացքում էականորեն նվազել է: Նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն ասում է՝ արդեն 3000 վարորդ դիմել է նոր կարգով աշխատելու համար։

«Խնդիրը եղել է դաշտը կարգավորելը, խաղի կանոններ ստեղծել բոլորի համար, առաջնային խնդիրը եղել է որակ և անվտանգության բարձրացում»,- ասաց պաշտոնյան։

Վարորդները նաև բողոքում ենլիցենզիա ստանալու քաշքշուկներից։ Պնդում են՝ շատ դեպքերում ստիպված են լինում ավելի քան մեկ ամիս սպասել այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ լիցենզիան պետք է տրվի վճարում անելուց հետո՝ 7-օրյա ժամկետում։

Տաքսիստ Սարգիս Մաճկալյանն ասում է՝ երկու ամիս առաջ է վճարում կատարել, բայց մինչ օրս չի ստացել լիցենզիան։

Վարորդները վճռական են տրամադրված։ Ասում են, որ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ դադարեցրել են բողոքի ակցիաները, սակայն ստիպված են լինելու կրկին փողոց դուրս գալ, եթե կառավարությունը զիջումների չգնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG