Մատչելիության հղումներ

Քարդաշյան քույրերն այցելում են Երևանի տեսարժան վայրեր


Քարդաշյան քույրերն այցելում են Երևանի տեսարժան վայրեր
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Այսօր վաղ առավոտից երկրպագուների հսկա բանակը պաշարել էր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը՝ երեկ ուշ երեկոյան Հայաստան ժամանած հանրահայտ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին տեսնելու, լուսանկարվելու, նրա հետ մի քանի բառ փոխանակելու համար:

Քիմն ու քույրը՝ Քլոեն, կեսօրին շքախմբի ու լրագրողների մեծ բանակի ուղեկցությամբ այցելեցին «Մայր Հայաստան» հուշարձան, շուրջ մեկ ժամ նկարահանումներ արեցին՝ իրենց ընտանեկան ռեալիթի շոուի համար:

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ Քարդաշյանն ասաց, թե հուզված է: - «Մենք սիրում ենք Հայաստանը, հուզված ենք, որ այստեղ ենք», - նշեց նա:

Հուշարձան այցելությունից հետո Քիմ Քարդաշյանի քույրը սոցիալական ցանցերում գրել է․ - «Մայր Հայաստան»-ը հիշեցնում է Հայոց պատմության մի շարք անվանի կին գործիչների մասին, ովքեր զենք վերցրեցին օգնելու իրենց ամուսիններին՝ թուրքական զորքերի և քրդական հրոսակների դեմ կռվելու համար»: Քլոե Քարդաշյանի այս գրառումը արդեն մոտ հարյուր հազար օգտատեր է հավանել:

Քիմը երեկվանից էլ Ինսթագրամ սոցիալական ցանցի իր էջում հայաստանյան այցի մասին լուսանկարներ տեղադրում՝ գրելով, թե ուրախ է, որ ամուսինն ու դուստրն էլ են եկել Հայաստան՝ իր նախնիների ժառանգությունը տեսնելու:

Երևանի կենտրոնում մի քանի ժամ անցկացնելուց հետո Քարդաշյանները այցելեցին Կառավարություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարևորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին նրանց այցելությունը Հայաստան:

Տեղեկանալով, որ Քիմն այսօր հանդիպելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ Կառավարության շենքի առջև էին հավաքվել տասնյակ երկրպագուներ: Նրանք ստորագրություն վերցրեցին ու լուսանկարվեցին: Երկրպագուներից մեկի անգլերեն ողջույնին Քիմը պատասխանեց հայերեն՝ բարև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG