Մատչելիության հղումներ

Նախարարը «չի կարծում», թե գազը կթանկանա


Նախարարը «չի կարծում», թե գազը կթանկանա
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հստակ պատասխան չտվեց հարցին՝ կբարձրանա՞ արդյոք գազի սակագինը, թե՞ ոչ:

«Շարունակվում են բանակցությունները, բանակցային փուլում ենք․․․ Չեմ կարծում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարը։

Չնայած «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը, դեռևս չպարզված հանգամանքներում կուտակված 300 մլն դոլար պարտքի դիմաց անցած տարի «Գազպրոմ Արմենիա»-ին հանձնելուց հետո իշխանությունները հավաստիացնում էին, թե առնվազն 5 տարի գազը չի թանկանա՝ այսօր արդեն Կառավարության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ ռուսական կողմի հետ ակտիվ բանակցություններ են վարում։

Զախարյանի խոսքով, այդ բանակցությունների հիմնական առարկան հենց գազի սակագինն է։ Հնարավոր թանկացումից խուսափելու համար հայկական կողմը փորձում է ինչ-որ չափով իջեցնել սահմանի վրա վաճառվող գազի ներկայիս 189 ԱՄՆ դոլար սակագինը։

«Բանակցությունները ընթանում են հիմնականում գազի սակագների վերաբերյալ: Արվում է ամեն ինչ, որպեսզի սահմանի վրա գազի սակագները իջնեն», - ասաց Զախարյանը՝ հույս հայտնելով, որ կհաջողեն։

Չնայած իշխանության հրապարակային խոստումներին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բարձրացրեց խոշոր սպառողներին մատակարարվող գազի գինը․ այս տարվա հունվարի 1-ից 10 հազար խորանարդ մետրից ավելի գազօգտագործողների համար սակագինը բարձրացավ ավելի քան 13 տոկոսով։ Դա պատճառաբանվեց դրամի արժեզրկմամբ։

«Եթե պետք է թանկանար, ու հիմա էլ պետք է բանակցեիք, ինչո՞ւ 5 տարվա խոստում տվեցիք»․ «Ազատության» այս հարցին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ընդամենը արձագանքեց․ - «Ես չգիտեմ: Իրենք են վարում բանակցությունները»:

Բանակցություններից անտեղյակ նախարարը, մինչդեռ, շատ լավ պատկերացնում է թանկացման հետևանքները, սակայն համոզված է, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն․ - «Տնտեսության համար դրական կլինի, որպեսզի փոփոխություն չլինի: Ե՛վ գազի գնի պահպանումը, և՛ ընդհանրապես ցանկացած գների կայունությունը, որի ուղղությամբ աշխատում է և՛ Կառավարությունը, և՛ Կենտրոնական բանկը, մեր տնտեսության համար դրական ազդեցություն կունենա»։

Մինչ երկու երկրները բանակցում են գազի գնի շուրջ, Ազգային ժողովը երեք օր է քննարկվում էր, թե որքանով է իրավաչափ «ՀայՌուսգազարդ»-ի կուտակած պարտքն ու դրա դիմաց 20 տոկոս բաժնեմասի օտարումը:

Ընդդիմադիր պատգամավորները սուր քննադատության ենթարկեցին ու անօրինական որակեցին գազային ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Մեծամասնություն կազմող Հանրապետականը, սակայն, փաստաթուղթն ընդունեց ի գիտություն:

Նշված հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը (ՀԱԿ) հաշվարկել ու պարզել է, որ սպառողները յուրաքանչյուր խորանարդ մետրի համար առնվազն 25 տոկոս (կամ 50 ԱՄՆ դոլար) ավելի են վճարում:

«Եթե իրենց գրպանի բաժնից մի քիչ քչացնեն, ապա սակագինը կիջնի: 7-8 տոկոս կորուստը․․․ բոլորի համար ակնհայտ է, որ չկա այդպիսի կորուստ: Դրանք արհեստական կորուստներ են, դրանք իրենց լևի ծախելու բաներն են: Այն բոլոր ծախսերը, բոլոր բաները, որ իրենք անում են, միջոց են գռփելու, միջոց են ուտելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Գազի էժանացման օգտին փաստարկներ ունի նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ 2003-2004 թվականներին գազը սահմանից մինչև սպառողը հասնում էր ընդամենը 40 դոլարի տարբերությամբ, իսկ այսօր տարանցումը թանկացել է գրեթե 5 անգամ․ - «Ի՞նչ է փոխվել: Ես ասացի՝ եկեք սա համադրենք լրացուցիչ ծախսերի հետ, և մենք կտեսնենք, որ ծախսերն այդքան չեն աճել, այս թիվը ուռճացված է»:

Այսօր ավարտված քննարկումների ժամանակ ընդդիմադիրները խորհուրդ էին տալիս քննարկել Իրանից գազ գնելու տարբերակներ քննարկել:

Այդ առնչությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, թե իրանական կողմից առաջարկ չի եղել․ - «Նման հնարավորություն այսօր չկա, որ Իրանից ավելի էժան գազ մտնի, քան Ռուսաստանից»:

XS
SM
MD
LG