Մատչելիության հղումներ

Գազային հանձնաժողովի զեկույցում սպառողների համար ոչ մի լավ լուր չկա. Փաշինյան


Գազային հանձնաժողովի զեկույցում սպառողների համար ոչ մի լավ լուր չկա. Փաշինյան
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00

Ազգային ժողովում չեն հանդարտվում «գազային կրքերը»:

Գազային հանձնաժողովի զեկույցում Հայաստանի սպառողների համար ոչ մի լավ լուր չկա, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր խորհրդարանում հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ թեժ քննարկումների երկրորդ օրը:

Ամենակարևորը վատ լուրն, ըստ Փաշինյանի այն է, որ սպառողները տարեկան 20 միլիոն դոլար են վճարում գազի կորուստների համար.- «Եթե այդ կորուստները կրճատելու ներդրումներ չեն արվում, նշանակում է՝ ինչ-որ մարդկանց ձեռնտու են։ Ուրեմն այդ 10 միլիոն հավելյալ գումար ինչ-որ մեկի գրպանն է գնում»։

Ոչ ոք վստահ չի կարող ասել՝ արդյոք տեղադրված հաշվիչները ճիշտ են հաշվում, քանի որ տեղադրումն ու ստուգումը միևնույն ընկերությունն է կատարում, հայտնի չէ, թե որքան է գազի ջերմատվությունը, շարունակեց Փաշինյանը նկատելով՝ այս ամենի համար շուկայականից բարձր գներով վճարում է Հայաստանի սպառողը, և սա այլ կերպ, քան թալան չի կարելի անվանել:

«Օրինակ, ասում ենք՝ իշխանությունները ՀՀ ժողովրդին թալանում են, հո՞ նկատի չունենք, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մտնում են մեր տները, մեր դիվանը ամեն մեկը մի ծերից բռնում, դուրս են հանում։ Բա թալանն էս է, 650 հազար սպառող կա, մի 200 դրամ հաշվիչի սպասարկման վրա են տանում, մի 9 միլիոն դոլար տանում են կորուստների վրա, դե հիմա եկեք՝ էդ թվերը բազմապատկենք, տեսնենք միլիոն ու կես է, թե միլիարդ ու կես է, դրամ է, թե դոլար է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով կուտակված 300 միլիոն պարտքի դիմաց «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոս բաժնեմասի վաճառքին՝ Փաշինյանը նկատեց՝ սեփականաշնորհման մասին օրենքը շրջանցելով են վաճառքն իրականացրել։ Գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի արդարացումը, թե բաժնետոմսերը իրական գնից ավելի թանկ են վաճառել, Փաշինյանին չի գոհացնում:

«Դա մոտավորապես նույնն է, որ մարդուն բռնել եք փողոցում, շալվարը հանել-ծախել եք, ասում եք՝ ինչ եք աղմուկ անում, էդ շալվարը 50 դրամ արժի, 300 դրամով ենք ծախել։ Մարդը մնացել է առանց շալվարի, ինչքան ուզում եք ծախեք, դա իրեն մխիթարանք չէ»,- ասաց պատգամավորը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ևս 300 միլիոն դոլարի թաքնված պարտքը և դրա պատճառով «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոս բաժնեմասի վաճառքը հակաօրինական համարեց, թեև հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ հայտարարել էր, թե այն օրենքով է տրվել ռուսական կողմին։ Մանուկյանը ասաց՝ իր հիմնական նպատակը պարզել և ներկայացնելն էր՝ հնարավո՞ր է արդյոք գազի սակագինը իջեցնել սպառողների համար:

«Այս հանձնաժողովից մեծ ակնկալիքներ ունենալ չէր կարելի, բայց ես իմ ուզածին հասել եմ, այն փաստաթղթերը, որ ինձ համար անհասանելի էին երկու տարի, էդ թղթերը ես հիմա ունեմ, ու դրանց եզրակացության հիման վրա հայտարարում եմ, որ գազը մինչև 25 տոկոս, մինչև 50 դոլարով էժանացնելու տեղ ունի»,- ասաց Մանուկյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ զեկույցի մասին չի ցանկանում խոսել, հիմա կարևորը պատմական հնարավորությունը չկորցնելն է, որ բացվում է Իրանի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացման հեռանկարում:

«Չօգտագործել այս լրջագույն հնարավորությունը ուղղակիորեն քաղաքական մեծագույն սխալ կլինի»,- հայտարարեց նա։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հիշեցրեց՝ արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր ենք.- «Իրանից ո՞նց են գազ բերելու, մոռացել եք, որ պայմանագիր ունեք մինչև 40 քանի թիվը, մոռացել եք, որ գազային բաշխիչ ցանցը իրենցն է, եթե թույլ չտան այդ ցանցի միջոցով բաշխել գազը, ո՞նց եք Իրանից գազ բերելու։ Կարող է՝ ղազախները դեմ են, որ Իրանից գազ բերեք, ղազախներին հարցրել եք, որ Իրանից գազ եք ուզում բերել։ Դրա համար ժամանակին պետք էր ավելի խորը մտածել՝ ուր ենք մենք գնում»։

«Գազպրոմ» ընկերությունը Հայաստանը խոպան է դարձրել, հայտարարեց Մարուքյանը, նպատակը գերշահույթներն են, սակայն մեղադրել պետք է պետական հսկող կառույցներն:

«Էս մարդը եկել է խոպան, տեսնում է, որ կարող է թալանել, էդ թանալից ինչ-որ մասով կիսվի իրեն հսկող հանձնաժողովների հետ և շարժվի առաջ։ Հիմա ո՞ւմ մեղադրենք՝ խոպան եկած մարդո՞ւն, թե՝ պետական կառույցներին»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով՝ հանձնաժողովի զեկույցը քրեական գործի ծավալուն նյութ է։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն, կարծում է՝ դժվար թե հանձնաժողովը այն ուղարկի Գևորգ Կոստանյանին:

«Հանձնաժողովի մեծամասնությունը հանրապետական է, այդպիսի քայլի չեն գնա, բայց սա նյութ է, որով կարող է դատախազությունը զբաղվել»,- ընդգծեց Մանուկյանը։

XS
SM
MD
LG