Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի ելույթը կարող էր սահմանային միջադեպի առիթ դառնալ․ Սաֆարյան


Ստեփան Սաֆարյանը «Լրատվական կենտրոն»-ի տաղավարում, 19-ը մարտի, 2015թ․
Ստեփան Սաֆարյանը «Լրատվական կենտրոն»-ի տաղավարում, 19-ը մարտի, 2015թ․

Փորձագետի խոսքով, Ադրբեջանը աշխատում է իրավիճակը թեժացնել այն ժամանակ, երբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, այսպես ասած, լարված են:

«Պետք է կանխավ ասեմ, որ Սերժ Սարգսյանի ելույթը լավագույն դեպքում կարող է առիթ դառնալ, բայց ոչ պատճառ լինել [սահմանային] միջադեպի», - «Ազատության» «Լրատվական կենտրոն» հաղորդման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցած միջադեպին և հարձակման նախօրեին Սերժ Սարգսյանի ելույթին, որում Հայաստանի նախագահը մտահոգություն էր հայտնել այն փաստի վերաբերյալ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

Սաֆարյանը, վերլուծելով երեկ Գյուլիստանի ուղղությամբ տեղի ունեցած հարձակման միջադեպը, նշեց, որ նման միջադեպերի հետևում թաքնված շարժառիթներ կան:

«Միգուցե մեր հակառակորդը հենց ուշի ուշով հետևում է մեր վարքագծին, մեր հայտարարություններին և անում է համապատասխան հետևություններ: Ակնհայտորեն պիտի հասկանանք, որ Ադրբեջանի կողմից արվող հաշվարկներից մեկը հետևյալն է՝ իրավիճակը թեժացնել այն ժամանակ, երբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, այսպես ասած, վատթարագույն շրջանում են», - ասաց Սաֆարյանը՝ հավելելով․ - «Այս հաշվարկը Ադրբեջանի գալիս է նրանից, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը իրեն հաղթել է Ռուսաստանի աջակցությամբ և այսօր էլ ստատուս քվոն և այս իրավիճակը պահպանվում է Ռուսաստանի աջակցությամբ, հետևաբար, որպեսզի ինքը Հայաստանից ռազմական եղանակով հետ վերցնի հողեր և լուծի խնդիր էդ ուղով, պետք է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատ լինեն, Ռուսաստանը առնվազն չեզոք լինի»:

Հետևաբար, փորձագետի խոսքով, երբ Ադրբեջանը հետևում է և տեսնում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը նման հայտարարություն է անում, բնականաբար, իրեն թույլ է տալիս սրել [իրավիճակը]:

«Ադրբեջանը ունի ստրատեգիա, այդ մենք չունենք ստրատեգիա: Մենք պիտի հասկանանք, որ սահմանային միջադեպերի և ընդհանրապես հակամարտության վրա ազդող գործոնները բազմաթիվ են, և մենք այս իրավիճակը ունենք, որովհետև մենք մտել ենք մի արատավոր շղթայի մեջ, որտեղ և հռետորաբանությունը կողմերի, և նաև կողմերի որդեգրած ստրատեգիաները՝ տվյալ պարագայում Ադրբեջանի կողմից ապասառեցնելու ռազմավարությունը, ուղղակի միմյանց լրացնում են, որի պատճառով մենք ունենք այս իրավիճակը», - ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ չխոսել այն մասին, որ հակամարտության այս «մատրիցան» և Ռուսաստանի մի քանի միլիարդանոց ռազմատեխնիկական գործարքը Ադրբեջանի հետ ուղղակիորեն գործում են Հայաստանի դեմ է, պարզապես անթույլատրելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG